«Ցանկացած բանակցության երկու կողմերը պետք է ոչ միայն ստանան, այլև տան. կողմերից ոչ մեկը 100% չի ստանում». Ռուբիոն՝ Ուկրաինա-Ռուսաստան խաղաղության մասին

«Եվ՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը ստիպված կլինեն զիջումների գնալ խաղաղության համաձայնագիր կնքելու համար»,- Fox News-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո։


Ռուբիոն ընդգծել է, որ ցանկացած բանակցություններում՝ ուղղված պատերազմի կամ ցանկացած հակամարտության ավարտին, երկու կողմերն էլ պետք է ոչ միայն ստանան, այլ նաև տան։


«Յուրաքանչյուր կողմ ստիպված կլինի գնալ որոշակի զիջումների։ Եվ ակնհայտ է, որ հողային հարցը կամ այն, թե որտեղ եք անցկացնում այդ սահմանները՝ որտեղ է ավարտվում պատերազմը, կլինի այդ զրույցի մաս»,- ասել է նա։


«Ըստ էության, կողմերից ոչ մեկը այստեղ 100 տոկոս չի ստանալու»,- շեշտել է Ռուբիոն՝ հավելելով, որ դա «հեշտ չէ» և, հնարավոր է, «անարդար» է, բայց միայն այդպես է հնարավոր վերջ դնել պատերազմին։


ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ որոշումը, թե ինչ պայմաններով կավարտվի պատերազմը, կկայացնեն Ուկրաինան և Ռուսաստանը, իսկ Միացյալ Նահանգների դերն այն է, որ հնարավոր դարձնի քննարկումը «և համոզվի, որ երկու կողմերն էլ խոսում են»։