ԱՄՆ-ն ստացել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային դիրքորոշումների մանրամասները և աշխատում է դրանց վրա, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Վենսի խոսքով՝ Ուկրաինան պահանջում է անվտանգության երաշխիքներ, իսկ Ռուսաստանը «ցանկանում է որոշակի տարածքներ» (Ուկրաինայից)։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ տարածքների հարցը կքննարկի միայն Վլադիմիր Պուտինի հետ։
Վենսը նշել է, որ Միացյալ Նահանգները և դաշնակիցները շարունակում են աշխատել
Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա, բայց «դեռ ամեն ինչ մշակված չէ»: ԱՄՆ
փոխնախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգները որևէ պարտավորություն չի ստանձնի
Ուկրաինայի անվտանգության երաշխիքների առումով, մինչև չհասկանա, թե ինչ է
պահանջվում: Նա շեշտել է, որ հենց եվրոպացիները պետք է վերցնեն ապագա երաշխիքների «առյուծի
բաժինը»: «Ես չեմ կարծում, որ մենք պետք է կրենք այդ բեռը... Նախագահը, անշուշտ,
ակնկալում է, որ Եվրոպան այստեղ կստանձնի առաջատար դեր: Անկախ նրանից, թե դա ինչ
ձև կընդունի, եվրոպացիները պետք է ստանձնեն բեռի առյուծի բաժինը: Դա նրանց
մայրցամաքն է, դա նրանց անվտանգությունն է, և նախագահը հստակ ասել է. նրանք պետք է
այստեղ քայլ առաջ անեն»,- Վենսի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
ԱՄՆ փոխնախագահը նաև ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայի տարածքների
մի մասը, «որոնց մեծ մասը օկուպացրել է, բայց մի մասը՝ ոչ»։ Վենսը հավելել է, որ
Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները կարող են համաձայնության գալ տարածքային և
անվտանգության հարցերի շուրջ անձամբ հանդիպելիս։ «Երբեմն առաջնորդները, դեմ առ դեմ
նստելով, կարող են հաղթահարել այն փակուղին, որն իրենց թիմերը միշտ չէ, որ
կարողանում են»,- ասել է Վենսը:
ԱՄՆ փոխնախագահը, խոսելով Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցի մասին, նրան անվանել է «հաշվենկատ»։ Նա մանրամասնել է, որ երբեք անձամբ չի հանդիպել Պուտինին, բայց բազմիցս խոսել է նրա հետ հեռախոսով։ «Ամերիկյան լրատվամիջոցները նրա մասին որոշակի պատկերացում ունեն։ Նա յուրովի մեղմ է շփման մեջ։ Նա շատ հաշվենկատ է։ Նա շատ զգուշավոր է»,- ասել է Վենսը՝ հավելելով, որ Պուտինը «մի մարդ է, որը հոգ է տանում Ռուսաստանի շահերի մասին այնպես, ինչպես ինքն է տեսնում դրանք»։