Սյունիքում մեքենան գլորվել է ձորը. վարորդը փրկվել է, ուղևորը` մահացել

Սյունիքի մարզի Վաղատուր-Խոզնավար գյուղերի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը, կա մեկ վիրավոր, մեկ զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։


Նշվում է, որ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն վթարի մասին ահազանգը ստացվել է այսօր` ժամը 01:14-ին։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Գորիս–Վաղատուր ավտոճանապարհի 15–րդ կմ–ում «Peugeot» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և ուղևորի դին դուրս բերել ձորից։