ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իրեն զրպարտելու համար դատի է տվել դաշնակցական կայքին և դրամական փոխհատուցում է պահանջում


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը  դատական հայց է ներկայացրել դաշնակցական «Երկիր» խմբագրություն» ՍՊ ընկերության դեմ՝ պարտավորեցնելու ՍՊԸ-ին  հրապարակայնորեն հերքել իրեն պատկանող տելեգրամյան ալիքում 14.05.2024 թվականին տեղադրված «ՀեղաՓՈՂականները. Ալեն Սիմոնյան» վերնագրով տեսանյութում առկա զրպարտություն համարվող փաստացի տվյալները հետևյալ կերպ՝  «տեղադրել հայտարարություն «Երկիր Խմբագրություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տելեգրամյան ալիքում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով՝ առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով, և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես՝ «Երկիր Խմբագրություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը զրպարտել է Ալեն Ռոբերտի Սիմոնյանին», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ ««Երկիր Խմբագրություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իր տելեգրամյան ալիքում 14.05.2024 թվականին տեղադրել է «ՀեղաՓՈՂականները. Ալեն Սիմոնյան» վերնագրով տեսանյութ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի վերաբերյալ։ Հայտնում ենք, որ տեսանյութում առկա փաստացի տվյալները չեն համապատասխանում իրականությանը, և «Երկիր Խմբագրություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը զրպարտել է պարոն Սիմոնյանին»: 


Հայցվորը, բացի դրանից, պահանջել է  «Երկիր Խմբագրություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ իրեն  բռնագանձել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես հրապարակված զրպարտության համար նախատեսված փոխհատուցում: Ինչպես նաև բռնագանձել  410 000 (չորս հարյուր տասը հազար) ՀՀ դրամ՝ դատական ծախսերի համար, որից 360 000 (երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար, 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ՝ պետական տուրքի գումար:


Նշենք, որ հայցադիմումը դատարան է մուտքագրվել հունիսի 12-ին, մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գոհար Գրիգորյանին։

Հարկ է նկատել, որ  համանման քաղհայց  նույն՝ «Երկիր» ՍՊԸ-ի դեմ ներկայացրել է նաև ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Հրաչյա Հակոբյանը (https://civic.am/news/71137), որի վերաբերյալ նույնպես կայքը «ՀեղաՓՈՂականները» խորագրի ներքո տեսանյութ է հրապարակել։  Պատգամավորը նույնպես պահանջում է հերքում և դրամական փոխհատուցում։  

Սույն կայքը նույն խորագրի ներքո տեսանյութեր է հրապարակել նաև իշխող ուժի մի շարք այլ ներկայացուցիչների վերաբերյալ՝ մասնավորապես Լուսինե Բադալյան, Արսեն Թորոսյան, Սուրեն Պապիկյան, Անդրանիկ Քոչարյան, Սիսակ Գաբրիելյան, Խաչատուր Սուքիասյան, Նարեկ Բաբայան, Մաթևոս Ասատրյան, Գնել Սանոսյան, Տիգրան Ավինյան, Արփի Դավոյան։