Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի համար անընդունելի է զորքերի հետքաշման մասին ՀՀ ԱԳ նախարարի առաջարկը. Բայրամով

Ադրբեջանի համար անընդունելի է զորքերի հետքաշման մասին ՀՀ ԱԳ նախարարի առաջարկը. Բայրամով
Պաշտոնական
17:12, 14 декабрь 2023
Ադրբեջանական կողմը մոտ ժամանակներս կներկայացնի իր դիրքորոշումը Հայաստանի կողմից նոյեմբերի վերջին առաջարկված խաղաղության համաձայնագրի պայմանների վերաբերյալ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում։

«Առաջարկությունների փաթեթը, որը մենք ստացել ենք Հայաստանից, տարբերվում է նախորդից։ Առաջարկությունների նոր փաթեթն ավելի լավատեսական է»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։  

Նրա խոսքով՝ նման գործողություններով քայլ առ քայլ կարելի է առաջ տանել բացասական անցյալ ունեցող հարցը. «Եթե Հայաստանը դրսևորի ոչ թե իր ցանկությունները, այլ հարգանքը միջազգային իրավունքի նկատմամբ, կարելի է հասնել դրական արդյունքի»։

Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է նաև տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին. «Եթե հայկական կողմը համանման քայլեր ձեռնարկի, ապա դրական արդյունքների հասնելն իրական է թվում»,- ասել է Բայրամովը։ 

Նախարարը նաև պատասխանել է երկու երկրների զորքերը սահմանից հետ քաշելու վերաբերյալ Երևանի առաջարկին. «Եթե զորքերը դուրս բերվեն չդելիմիտացված սահմանից, ո՞վ կտա երաշխիք, որ այնտեղ ոչինչ չի լինի։ Այս առաջարկն անընդունելի է ադրբեջանական կողմի համար։ Ադրբեջանական բանակն այսօր պաշտպանում է իր սահմանները: Ես համաձայն չեմ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարության հետ սահմանից զորքերի հետքաշման վերաբերյալ: 30 տարի անց ադրբեջանական բանակը նահատակների կյանքի գնով վերականգնել է իր սահմանները։ Ադրբեջանի սահմանները կարող են պահպանվել միայն ադրբեջանցի զինվորների կողմից»։