Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանն իրավունք ունի Լաչինում ձեռնարկելու ցանկացած գործողություն». Թուրքիայի ԱԳ նախարար

«Ադրբեջանն իրավունք ունի Լաչինում ձեռնարկելու ցանկացած գործողություն». Թուրքիայի ԱԳ նախարար
Քաղաքականություն
17:28, 31 июль 2023
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մեկնաբանել է Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունները։ Թուրք նախարարն ասել է, որ «Լաչինի ճանապարհի հետ կապված Ադրբեջանի հասցեին հնչող մեղադրանքներն անարդար են»։

«Բժշկական տարանցումն ապահովված է, մարդասիրական օգնություն ցուցաբերվում է։ Լաչինի ճանապարհը Ադրբեջանի ինքնիշխան տարածքի մաս է, և Ադրբեջանն իրավունք ունի Լաչինում ձեռնարկելու ցանկացած գործողություն»,- ասել է Ֆիդանը։

Այնուհետև Ֆիդանը հայտարարել է, որ «երկխոսությունները շարունակվում են ինչպես Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, այնպես էլ այն հարցերի շուրջ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը պետք է ստորագրվի հնարավորինս շուտ։ Դա Թուրքիային թույլ կտա կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի հետ, և այդպիսով հիանալի հնարավորություն կստեղծվի սկսելու տնտեսական զարգացման, կայունության և վերելքի գործընթացը, որի կենտրոնում կլինեն Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրներ»:

Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցքի» բացման խնդրին: «Տարածաշրջանային կայունության ուղին անցնում է համապարփակ խաղաղության համաձայնագրի միջով։ Դրա համար մեծ նշանակություն ունի Զանգեզուրի հաղորդակցության բացումը»,- ասել է նա։

Ուժեղ Թուրքիան ուժեղ Ադրբեջան է, ուժեղ Ադրբեջանը՝ ուժեղ Թուրքիա: Այսպես է հայտարարել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: