Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է իր կենսունակությունը. վարչապետը՝ ՌԱԿ 100-ամյակին նվիրված միջոցառմանը

ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է իր կենսունակությունը. վարչապետը՝ ՌԱԿ 100-ամյակին նվիրված միջոցառմանը
Պաշտոնական
22:09, 25 июнь 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հետ ԱԺ բակում ներկա է գտնվել Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: 
 
Վարչապետ Փաշինյանը երկարամյա հայրենանվեր գործունեության համար ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով: 
 
Կառավարության ղեկավար նշել է, որ պարգևը ՌԱԿ կատարած աշխատանքի գնահատանքն է ՀՀ իշխանությունների կողմից:  
 
Վարչապետն իր խոսքում, մասնավորապես, ասել է. 
 
«Ռամկավար ազատական կուսակցության հարգելի ղեկավարներ և ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ՌԱԿ հիմնադրման 100-ամյա հոբելյանի առիթով: 
 
Կուսակցությունն իր մեկդարյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և Հայրենիքին՝ հանդիսանալով հայությանը ոգեշնչող, կարևոր ազգային խնդիրների լուծման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայության ներգաղթի կազմակերպման և այլ համազգային խնդիրների լուծման կարևոր կազմակերպություններից մեկը:  
 
Իրենց ազգանվեր գործունեությամբ հիշատակման են արժանի կուսակցական այնպիսի անհատներ, ինչպիսիք էին՝ Վահան Թեքեյանը, Արշակ Չոպանյանը, Միհրան Տամատյանը և այլոք: 
 
Ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում, իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել իր կենսունակությունը:
 
Բարձր գնահատանքի է արժանի ոչ միայն Ռամկավար ազատական կուսակցության գործունեությունն ու պատմությունը, այլ նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման մեջ: Մասնավորապես, անգնահատելի է կուսակցության ներդրումըհայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: 
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր էլ զգում է ՌԱԿ աջակցությունն ու զորակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման, ազգային ինքնության և լեզվի պահպանման, Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, Հայաստանի ու Արցախի զարգացման և այլ հարցերի լուծման գործում: 
 
Մենք շահագրգիռ ենք կուսակցության քաղաքական գործունեության զարգացմամբ, որը կրում է այնպիսի ավանդույթներ և արժեքներ, որոնք միտված են բացառապես մեր երկրի և ժողովրդի միասնականության, ազատության ու պետականության ամրապնդմանը:  
 
Հարգելի գործընկերներ,
 
Այս հոբելյանը լավ առիթ է արժևորելու անցած ճանապարհը, վերագնահատելու այն և զարգացման նոր ուղի դուրս գալու միջոցները գտնելու համար:  
 
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման մեկդարյա հոբելյանի առիթով՝ մաղթում եմ կուսակցաշինական  բեղմնավոր ու արգասաբեր գործունեություն՝ ի փառս մեր երկրի, հանուն Հայաստանի ժողովրդի և ողջ հայության:
 
Համոզված եմ՝ Հայաստանն ու հայությունը մշտապես շարունակելու է զգալ Ռամկավար ազատական կուսակցության զորակցությունն ու աջակցությունը»: