Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավարտվել է Վանաձորի 38-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը. մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը դատարանը երկարացրել է

Ավարտվել է Վանաձորի 38-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը. մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը դատարանը երկարացրել է
Պաշտոնական
11:44, 24 октябрь 2022
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված վարութային և քննչական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 23:55-ին, Վանաձոր քաղաքի երկաթուղային կայարանի մոտից «փակ գանգուղեղային վնասվածք, գլխի ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, պարանոցի շրջանի տարածուն հեմատոմա» ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևան քաղաքի 44-ամյա բնակիչ:

Տղամարդու մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու նպատակով  կայարանի տարածքը ստուգելու ընթացքում, Վանաձոր քաղաքի Մոսկովյան 25 հասցեում գտնվող նախկին փոստի կիսաքանդ շենքում, հայտնաբերվել էր նույն քաղաքի բնակիչ, 38-ամյա տղամարդու դին:

Ձեռնարկված քրեական վարույթի շրջանակներում, տվյալներ էին ստացվել այն մասին, որ վերոհիշյալ անձինք մարմնական վնավածքներն ստացել են նույն միջադեպի ժամանակ:

Մասնավորապես՝ պարզվել էր, որ 38-ամյա տղամարդը, ով բնակվել է դեպքի վայր հանդիսացող, նախկին փոստի կիսաքանդ շենքում, դեպքի օրը հյուրընկալել էր իր ծանոթներին՝ Երևան քաղաքի 44-ամյա բնակչին և 57-ամյա համաքաղաքացուն, որի ընթացքում  ալկոհոլ էին օգտագործել: Այդ ընթացքում վերջինիս կինը, տեղեկանալով ամուսնու գտնվելու վայրի մասին, եկել և նրանից պահանջել էր հեռանալ, որի ժամանակ 38-ամյա տղամարդը սկսել էր հայհոյել համաքաղաքացուն, ինչին ի պատասխան՝ վերջինս, վրեժխնդիր լինելու շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, երկաթյա կաթսայով մի քանի անգամ հարվածել էր 38-ամյա տղամարդու գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Նույն վիճաբանության ընթացքում վնասվածքներ էր ստացել նաև դեպքին ներկա գտնվող 44-ամյա տղամարդը, ով փորձել էր բաժանել վիճաբանողներին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: