Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ն Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես առաջինը ճանաչած և դատապարտած երկրում՝ Ուրուգվայում, դեսպանատուն կբացի

ՀՀ-ն Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես առաջինը ճանաչած և դատապարտած երկրում՝ Ուրուգվայում, դեսպանատուն կբացի
Պաշտոնական
12:09, 19 июль 2023
Կառավարության վաղվա՝ հուլիսի 20-ի նիստի օրակարգային հարցերից է Ուրուգվայում ՀՀ դեսպանատուն ստեղծելու և գործունեություն ծավալելու մասին հարցը։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։ Հարցին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված է, որ «Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարաբերությունները կրում են ջերմ, համագործակցային բնույթ։ Դրանք ունեն նաև պատմական արմատներ, քանզի Ուրուգվայը առաջին երկիրն էր, որ 1965 թվականին պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Պակաս կարևոր հանգամանք չէ Ուրուգվայում առկա ազդեցիկ հայ համայնքը, որը կարևոր դեր է խաղում այդ երկրի սոցիալ-տնտեսական կյանքում»։  

Հարկ է նշել, որ 2019 թվականի օգոստոսից Երևանում գործում  է Ուրուգվայի դիվանագիտական ներկայացուցչությունը (գլխավոր հյուպատոսության, իսկ 2021 թվականի հոկտեմբերից՝ դեսպանության մակարդակով)։ 

Նկատենք, որ Հարավային Ամերիկայում Ուրուգվայը տնտեսապես ամենակայուն և ամենաակտիվ զարգացող երկրներից մեկն է, որի հետ առկա են համագործակցության զարգացման հեռանկարային ոլորտներ՝ ի թիվս բարձր տեխնոլոգիաների, կրթության և առողջապահության, առևտրատնտեսական բնագավառների: «Հարավային Ամերիկայում ՀՀ դիվանագիտական ներկայության ընդլայնումը ունի կարևոր նշանակություն: Հարկ է նշել, որ Հարավային Ամերիկայում գործում է ՀՀ երկու դեսպանություն, որոնք գտնվում են  Բուենոս Այրեսում և Բրազիլիայում և հավատարմագրված են 4-5 երկրում: Ուրուգվայում ՀՀ ռեզիդենտ դեսպանությունը հնարավոր կդարձնի նաև տարածաշրջանի այլ երկրների հետ ավելի ակտիվ երկխոսության ծավալումը, հայ համայնքի ակտիվ ներկայությունը և նրա ազդեցությունը Ուրուգվայի սոցիալ-տնտեսական, հասարակական կյանքում: Բացի դրանից, առկա է Թուրքիայի և Ադրբեջանի ընդգծված հետաքրքրություն Ուրուգվայում և տարածաշրջանում, որոնք բավական մեծ հետաքրքրություն են սկսել ցուցաբերել տարածաշրջանի հանդեպ՝ ներկայացնելով տարբեր գործարար, ներդրումային ծրագրեր: (2014թ. Մոնտևիդեոյում բացվել է Ադրբեջանի դեսպանության գրասենյակ: 2021թ. բացվել է Թուրքիայի դեսպանությունը:) 

Արտաքին գործերի նախարարությունը 2023թ. իր բյուջետային հայտում ներկայացրել է Ուրուգվայում դեսպանություն բացելու և գործունեություն ծավալելու նախահաշիվ, որը ապահովվել է: Հետևաբար 2023 թ. բյուջեում արդեն իսկ նախատեսված են Ուրուգվայում դեսպանություն բացելու համար անհրաժեշտ միջոցներ: Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացումը նախատեսված է նաև Կառավարության 2021-2026 թվականնների ծրագրով: Դեսպանություն հիմնելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021 թվականի օգոստոսի 16-18-ը Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանցիսկո Բուստիժո Բոնասոյի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում: ՀՀ վարչապետը ևս հավաստիացրել է, որ Ուրուգվայում Հայաստանի դեսպանության հարցը օրակարգում է, և տվյալ գործընթացը սեղմ ժամկետներում կմտնի ինստիտուցիոնալ դաշտ: Վերը նշվածը հաշվի առնելով՝ Ուրուգվայում Հայաստանի դեսպանության բացումը (նստավայրը` Մոնտևիդեո) արտաքին գործերի նախարարությունը գտնում է նպատակահարմար, ինչը համահունչ է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և շահերին»,- նշված է հիմնավորման մեջ։ 
 Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: