Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սարգիս Խանդանյանը Լեհաստանի դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Սարգիս Խանդանյանը Լեհաստանի դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Պաշտոնական
17:32, 20 июль 2023
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 20-ին հանդիպել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկիին եւ փոխդեսպան Մարչին Ռոզիցկիի հետ:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել նախորդ դեսպան Պավել Չեպլակի ներդրումը հայ-լեհական հարաբերությունների զարգացման հարցում:

Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների մասին՝ Խանդանյանն արժեւորել է Լեհաստանի եւ Հայաստանի բարեկամական խմբերի միջեւ ձեւավորված հարաբերություններն ու կատարած աշխատանքը: Նա հույս է հայտնել, որ առավել կզարգանա եւ կամրապնդվի համատեղ գործուն աջակցությամբ ձեւավորված հաջող համագործակցությունը:

Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կարեւորել է նաեւ երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ համագործակցության զարգացումը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ կարեւորելով երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական եւ գործնական ջերմ հարաբերությունները:

Սարգիս Խանդանյանը դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաեւ հայ-լեհական բազմոլորտ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր եւս: