Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրազիլիան հետաքրքրված է խորացնելու միջխորհրդարանական երկխոսությունը Հայաստանի հետ․ դեսպան

Բրազիլիան հետաքրքրված է խորացնելու միջխորհրդարանական երկխոսությունը Հայաստանի հետ․ դեսպան
Քաղաքականություն
15:46, 08 апрель 2023
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդիպել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ․ այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից։

Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ:

Միջխորհրդարանական հարաբերությունների խորացման հարցում Սարգիս Խանդանյանը կարեւորել է բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը:

Խոսելով երկկողմ փոխգործակցությունից՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է՝ Հայաստանը շահագրգռված է Բրազիլիայի հետ մի շարք բնագավառներում համագործակցության զարգացմամբ:

Կողմերը փաստել են, որ երկու երկրների միջեւ հարաբերություններում առանձնահատուկ է բրազիլահայ համայնքի դերակատարությունը: Նշվել է, որ համայնքը նշանակալից ներդրում ունի Բրազիլիայի հասարակական կյանքում:

Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգային խնդիրներին եւ մարտահրավերներին՝ Սարգիս Խանդանյանը փաստել է, որ Հայաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ամրապնդմամբ: Սակայն ներկայումս անվտանգության մակարդակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ փխրուն: «Ավելի քան 3 ամիս է՝ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին»,- ընդգծել է պատգամավորը:

Նա նշել է, որ Ադրբեջանը չի կատարում Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Խնդրի հանգուցալուծման հարցում կարեւորվել է միջազգային գործընկերների դերակատարությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆաբիո Վազ Պիտալուգան նշել է. «Բրազիլիան հետաքրքրված է խորացնելու միջխորհրդարանական երկխոսությունը Հայաստանի հետ»: