Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը շահագրգռված է Բրազիլիայի հետ մի շարք բնագավառներում համագործակցության զարգացմամբ. Սարգիս Խանդանյան

Հայաստանը շահագրգռված է Բրազիլիայի հետ մի շարք բնագավառներում համագործակցության զարգացմամբ. Սարգիս Խանդանյան
Քաղաքականություն
20:18, 07 апрель 2023
Հայաստանի և Բրազիլիայի միջև առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ, նշել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 7-ին Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ հանդիպմանը:

Միջխորհրդարանական հարաբերությունների խորացման հարցում Սարգիս Խանդանյանը կարևորել է բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը:

Խոսելով երկկողմ փոխգործակցությունից՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է՝ Հայաստանը շահագրգռված է Բրազիլիայի հետ մի շարք բնագավառներում համագործակցության զարգացմամբ:

Կողմերը փաստել են, որ երկու երկրների միջև հարաբերություններում առանձնահատուկ է բրազիլահայ համայնքի դերակատարությունը: Նշվել է, որ համայնքը նշանակալից ներդրում ունի Բրազիլիայի հասարակական կյանքում:

Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգային խնդիրներին և մարտահրավերներին՝ Սարգիս Խանդանյանը փաստել է, որ Հայաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդմամբ: Սակայն ներկայումս անվտանգության մակարդակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ փխրուն: «Ավելի քան 3 ամիս է՝ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին»,- ընդգծել է պատգամավորը: Նա նշել է, որ Ադրբեջանը չի կատարում Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Խնդրի հանգուցալուծման հարցում կարևորվել է միջազգային գործընկերների դերակատարությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆաբիո Վազ Պիտալուգան նշել է. «Բրազիլիան հետաքրքրված է խորացնելու միջխորհրդարանական երկխոսությունը Հայաստանի հետ»: