Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Մարությանի ղեկավարած խմբակցության ավագանու անդամ իրավապաշտպան Նարինե Արամյանը միացել է Կառավարության առաջ տեղի ունեցող գործակալական հավաքին և կիսում է իշխանության հրաժարականի պահանջը

Հայկ Մարությանի ղեկավարած խմբակցության ավագանու անդամ իրավապաշտպան Նարինե Արամյանը միացել է Կառավարության առաջ տեղի ունեցող գործակալական հավաքին և կիսում է իշխանության հրաժարականի պահանջը
Քաղաքականություն
20:51, 19 сентябрь 2023
«Ազգային առաջընթաց» կուսակցության  Երևանի ավագանու նախընտրական ցուցակի 12-րդ համարը զբաղեցնող իրավապաշտպան, ԱԺ նախկին պատգամավոր, Լարիսա Ալավերդյանի դուստր  Նարինե Արամյանը միացել է  Կառավարության շենքի առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով տեղի ունեցող բողոքի ակցիային, որին մասնակցում են  նաև ՏԻՄ ընտրություններին մասնակցած ավագանու ընդդիմադիր  խմբակցությունների որոշ անդամներ, մասնավորապես նաև «Մայր Հայաստան» դաշինքը գլխավորող Անդրանիկ Թևանյանը։

 Քիչ առաջ civic.am –ի հետ զրույցում Ն․ Արամյանը հայտնեց, որ սկսած 18 տարեկանից՝ 1998 թվականից,  մասնակցում է տարբեր հավաքների ու դա իր պարտքն է որպես իրավապաշտպան, կազմակերպության ներկայացուցիչ, մասնակցում է՝ քաղաքացիների անվտանգությունն ու իրավապահ մարմինների ապօրինի գործողությունները կանխարգելելու նպատակով։  Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի «Ազգային առաջընթաց»-ը տեղի ունեցող հավաքի մասին և արդյոք հիշյալ խմբակցության ավագանու մյուս անդամները նույնպես մասնակցում են հավաքին՝ Արամյանն առաջարկեց դիմել կուսակցության մամուլի պատասխանատուին և շտաբի ղեկավարին։

«Կուսակցության ղեկավարի, մամլո խոսնակի և շտաբի ղեկավարի հետ կխնդրեմ կապվել,  որպեսզի նրանց դիրքորոշումը իմանաք, բայց ես, այո՛, տեսել եմ մեր ավագանու ցուցակի տարբեր ներկայացուցիչների ինքնաբուխ տարբեր հավաքներին»,-նշեց Արամյանը։
 Մեր հստակեցմանը՝ մասնավորապես հիմա Կառավարության շենքի առաջ տեղի ունեցող հավաքի՞ մասին է խոսքը, Արամյանն արձագանքեց․ «Այո, ես այնտեղ եմ եղել այսօր։ Մինչ այդ եղել եմ վերահաշվարկի, գնացել եմ այնտեղ, եղել եմ շտաբում և այժմ նրից վերադառնում եմ այնտեղ։ Եվ շտաբում այսօր ընդամենը 4 հոգի էր,  ես ենթադրում եմ, որ բոլորը տարբեր ինքնաբուխ հավաքներին էին՝ ՌԴ դեսպանատան դիմաց, Կառավարության դիմաց»։ 
 
Մեր հարցին՝ ինչ ակնկալիքով, ուղերձով, պատգամով է մասնակցում այսօրվա հավաքին՝ ավագանու անդամն արագանքեց․ «Ես իրավապաշտպան եմ և այլ ուղերձ ունենալ չեմ կարող, բայց կուսակցության և մեր ընդհանուր խմբի տեսանկյունը կխնդրեմ ճշտել համապատասխանաբար շտաբի ղեկավարից, կուսակցության ղեկավարից»։  
 
Արամյանը կիսում է ինքնաբուխ հավաքի մասնակիցների պահանջը՝ Կառավարության ղեկավարի, իշխանության  հրաժարական։ «Ես անձամբ կիսում եմ բոլոր այդպիսի իրավիճակներում հայտնված իշխանությունների բացարձակապես հրաժարականը պահանջող յուրաքանչյուր կոչին, դա եղել է միշտ, որովհետև նման կերպ կառավարել և գործողություններ անել ուղղակի չի կարելի»։ 
 
Կապվեցինք նաև «Ազգային առաջընթաց» կուսկացության ղեկավար Հայկ Գրիգորյանի հետ, որը լսելով մեր հարցը՝ արդյոք մասնակցո՞ւմ է Կառավարության  դիմաց տեղի ունեցող  ինքնաբուխ հավաքին, հայտարարեց՝ «ես տեղյակ չեմ եղել , հիմա էլ քաղաքում չեմ»։ Իսկ  Հայկ Մարությանը, ավագանու մյուս անդամները մասնակցո՞ւմ են․ «Չգիտեմ, տեղյակ չեմ»,-կարճ կապեց  Գրիգորյանն ու անջատեց հեռախոսը։ 
 
Ի դեպ, մեր հեռախոսազրույցի ընթացքում  բարձր աղմուկ էր լսվում, ինչից տպավորություն էր, որ Գրիգորյանը մարդաշատ վայրում է։  
Ե․Ա․