Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք են գործողություններ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալ, ԵԱՏՄ-ից դուրս գալ, ռուս սահմանապահներին այստեղից հանել և մաքսիմալ քիչ բանավեճի մեջ մտնել Ռուսաստանի հետ․ Արեգ Քոչինյան

Պետք են գործողություններ՝  ՀԱՊԿ-ից դուրս գալ, ԵԱՏՄ-ից դուրս գալ, ռուս սահմանապահներին այստեղից հանել և մաքսիմալ քիչ բանավեճի մեջ մտնել Ռուսաստանի հետ․ Արեգ Քոչինյան
Քաղաքականություն
19:40, 26 сентябрь 2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Հայաստանի տարածքով չիրագործվի միջանցքի գաղափարը, ապա դա կիրականացվի Իրանի տարածքով։ Էրդողանի հայտարարության ու ռուս-հայկական հարաբերությունների մասին Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ։
 
- Պարոն Քոչինյան, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ միջանցքի իրացումը շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, ռազմավարական խնդիր է և պետք է ավարտին հասցվի, իսկ  եթե Հայաստանը չմասնակցի, ապա կարելի է Իրանի տարածքով դեպի Ադրբեջան երթուղի ստեղծել,  ու այդ հարցում Իրանից դրական ազդակներ ունեն։ Ինչպե՞ս կմեկնաբանեք, արդյոք սա ԱՄՆ-ի ճնշման արդյունքո՞ւմ է։ 

- Ես չէի շտապի Թուրքիայի նախագահի  այդ հայտարարությունը անվանել դիրքորոշման փոփոխություն, որովհետև Էրդողանը նշում է, որ միջանցքը պետք է անցնի Հայաստանով, և որպես պլան «Բ» է նշում, որ անցնի Իրանով։ Կարծում եմ, որ մի կողմից՝ սա Արևմուտքի ճնշումն է  Թուրքիայի վրա, այսինքն՝ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, իսկ մյուս կողմից՝ Իրանի  հակադրվելը Հայաստանի տարածքով միջանցքի անցկացման գաղափարին։ Պետք է նշել, որ նաև որպես այլընտրանք ինչ-որ գաղափարի առաջքաշումը Իրանի կողմից նույնպես իր դերակատարումն է ունեցել, և վերջապես որոշակի դերակատարում ունի նաև այն փաստը, որ այս գաղափարը միայն թուրքական չէր, այլ ռուս-թուրքական գաղափար էր, ու դա նույնպես Արևմուտքի որոշակի ճնշման առիթ է եղել Թուրքիայի վրա, որ նրանք նման պրոյեկտ ուզում էին անել Ռուսաստանի հետ։ Այդ ամեն ինչը միասին վերցրած մեղմել է Թուրքիայի դիրքորոշումը, բայց ես չէի ասի, որ մենք հաղթահարեցինք այդ խնդիրը։ 
 
- Իսկ Ռուսաստանի համար ինչպիսի՞ կարևորություն ունի միջանցքը Հայաստանի տարածքով։ Ի՞նչ է դա տալիս ՌԴ-ին։   
  
- Մի կողմից՝ դա ՌԴ-ին հնարավորություն է տալու վերահսկողություն սահմանելու Թուրքիան Ադրբեջանի հետ կապող հիմնական այն տրանսպորտային զարկերակի վրա, որը Թուրքիան պետք է կապի Ադրբեջանի, իսկ այնտեղից նաև՝ Միջին Ասիայի հետ. դա առաջինը։ Եվ երկրորդը՝ որ դա հնարավորություն է Ռուսաստանին ուղիղ ճանապարհով միանալու Թուրքիային, ընդ որում՝ ճանապարհով, որը կլինի կամ Ռուսաստանի, կամ Թուրքիայի վերահսկողության տակ, այսինքն՝ ադրբեջանական և թուրքական մասը՝ Թուրքիայի, իսկ ռուսական և հայկական մասը՝ ՌԴ-ի վերահսկողության տակ, իսկ նման  անխոչընդոտ ճանապարհը միայն մի նպատակով կարող է պետք լինել Ռուսաստանին, որպեսզի շրջանցի  արևմտյան այն սանկցիաները, որոնք այս պահին սահմանված են Ռուսաստանի դեմ։ Մենք Ձեզ հետ տեսել ենք բազմիցս, թե ինչպես է Թուրքիան Ռուսաստանին օգնում շրջանցելու այդ սանկցիաները, բայց կան ապրանքներ, որոնք Թուրքիան ծովով չի համարձակվի տեղափոխել Ռուսաստան, և դրանցից թերևս ամենացցունը զենքն է»։

- ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը նշել է, որ  ԱՄՆ-ում ցանկություն կա ԼՂ հարցով միջազգային առաքելություն ստեղծել։ Ին՞չ կասեք, որքանո՞վ է դա հնարավոր։ 

- Ես կարծում եմ, որ մի փոքր ժամանակավրեպ է հիմա այդ հայտարարությունը դարձնել քաղաքական կատեգորիա։ Սա հայտարարություն է, որը դեռևս չի ստացել իր ենթակառուցվածքային և մարտավարական բացատրությունը, թե ինչ են հասկանում միջազգային ներկայություն ասելով, ոնց են պատկերացնում դրա բացազատումը, այսինքն՝ ոչ մի կոնկրետ բան չկա։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն նախազգուշացնում էր Ադրբեջանին, որպեսզի չդիմի բռնի տեղահանման։ Հիմա ժամանակն է, որ տեսնենք, թե Նահանգները ինչ քայլերի է դիմում։

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերի ընթացքում հստակ գնահատականներ է տվել ՌԴ խաղաղապահներին և հստակ գնահատականներ տվել  Ռուսաստանի կողմից եռակողմ պարտավորությունների չկատարմանը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն ևս պատասխանել է Փաշինյանին։ Արդյոք պե՞տք է բուռն կերպով հակադրվել ՌԴ-ին, և ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ է ճիշտ հիմա դուրս գալ ՀԱՊԿ-ից։ 

- Ես չեմ տեսնում, որ Հայաստանը ՌԴ-ին բուռն կերպով հակադրվի։ Ես տեսնում եմ միայն հայտարարություններ։ Որևէ կերպ մենք գործողություններ  չենք տեսել, անգամ Հռոմի ստատուտի վավերացումը մենք չենք տեսել դեռևս։ Տեսնում ենք միայն վերբալ փոխհրաձգություններ, բայց սա մի մարտավարություն է, որը ոչինչ չի տալիս Հայաստանին։ Երբ դու ոչինչ չես անում, ոչնչի չես դիմում  երկրի դիմադրողականությունը մեծացնելու համար և անիմաստ վերբալ փոխհրաձգության մեջ ես մտնում ՌԴ-ի հետ, դու ստանում ես Ռուսաստանից հավելյալ ճնշում, բայց չես ստանում Ռուսաստանից պաշտպանվելու կարողություն։ Պետք է անել հակառակը, պետք է կոնկրետ գործողությունների գնալ և մաքսիմալ քիչ բանավեճի մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Այո, ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից։

- Իսկ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը ի՞նչ վտանգներ կարող է իր մեջ պարունակել:

- Այսպես թե այնպես այդ վտանգները Հայաստանի դիմաց կան։ Քանի դեռ Հայաստանը չի անում այն ամենը, ինչ որ ուզում է ՌԴ-ն, իսկ ՌԴ-ն ցանկանում է  միջանցք, ցանկանում է ՀՀ-ի անդամակցումը այդ ինտեգրացիոն գործընթացներում, ուզում է Հայաստանում դադարեցվի ժողովրդավարության ընթացքը, վերականգնի իր համակարգը, և քանի դեռ այս ամենը չի արվում, Հայաստանը այդ բոլոր հարվածները ստանում է։ Կամ մենք անում ենք այն ամենը, ինչ ուզում է ՌԴ-ն, կամ մենք փորձում ենք հակադրվել և պաշտպանվել ՌԴ-ից։ Այսինքն՝ դրա համար պետք են գործողություններ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալ, ԵԱՏՄ-ից դուրս գալ, սահմանապահներին այստեղից հանել... Հիմա ստացվում է, որ մենք ոչ պաշտպանվում ենք ՌԴ-ից, ոչ էլ անում ենք իրենց ասածը, իսկ դա ամենաանտրամաբանական գիծն է։ 

- Ըստ Ձեզ՝ այդ քայլերը անելուց հետո մենք ինչպիսի՞ աջակցություն կարող ենք ակնկալել Արևմուտքից։

- Ես չեմ կարող ասել, թե ինչ աջակցություն մենք կարող ենք ակնկալել Արևմուտքից։ Ես հույս ունեմ որ դա բանակցվում է Արևմուտքի հետ և կբանակցվի նաև հետագայում, բայց քանի դեռ մենք մեր կուրսը չենք փոխել, մենք այդ հարվածները, որոնք որ վախենում ենք ստանալ, այսպես թե այնպես ստանալու ենք։ Ուրեմն կամ մենք  գնում ենք ՌԴ-ի հետ ինտեգրացիայի ճանապարհով, կամ էլ ինքնապաշտպանվում ենք։ Այս ամենի հետ մենք պետք է իրապես փորձենք հնարավորինս արագ կարգավորել մեր հարաբերությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Այլ ճանապարհ չկա։