Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գրանադայի հանդիպումից Ալիևը հրաժարվել է ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածությամբ․ այնտեղ կարող էր նոր փաստաթուղթ ստորագրվել՝ ապաշրջափակման վերաբերյալ, որով կբացառվեր ՌԴ ներգրավվածությունը

Գրանադայի հանդիպումից Ալիևը հրաժարվել է ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածությամբ․ այնտեղ կարող էր նոր փաստաթուղթ ստորագրվել՝ ապաշրջափակման վերաբերյալ, որով կբացառվեր ՌԴ ներգրավվածությունը
Քաղաքականություն
19:37, 04 октябрь 2023
Հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովը, որի ընթացքում նախատեսվում էր Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ ղեկավարների հնգակողմ հանդիպում։ Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չի մեկնելու Գրանադա։ Հանդիպումից հրաժարումը Ալիևը պատճառաբանել է Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների դիրքորոշումներով և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այդ հանդիպմանը չմասնակցելով։

Քաղաքագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով` սա ընդամենը առիթ է։ Գրանադայի հանդիպման մասին հայտնի էր վաղուց, Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումն էլ հայտնի էր Ալիևին, չնայած սրան Ալիևի օգնականը մեկնել էր Բրյուսել՝ Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ հանդիպելու և ղեկավարների հանդիպումը նախապատրաստելու նպատակով։ Ըստ Պետրոսյանի՝ սա ռուս-թուրք-ադրբեջանական գործարքի հետևանք էր։

«Դա եղել է Ռուսաստանի կողմից Արցախը Ադրբեջանին զիջելու գինը։ Կարծում եմ Ադրբեջանն ու Ռուսաստանը պայմանավորվել են, որ Ռուսաստանը չի խոչընդոտի Ադրբեջանի հարձակմանը Արցախի վրա և հենց էթնիկ զտման ու պատերազմի միջոցով տեղի կունենա Արցախի հարցի լուծումը և դրա դիմաց Ադրբեջանն ու Թուրքիան որևէ կերպ թույլ չեն տա, որպեսզի ապաշրջափակման գործընթացի շուրջ խոսակցությունները ծավալվեն արևմտյան հարթակում։ Դա պետք է տեղի ունենա նոյեմբերի 9-ի  համաձայնագրի 9-րդ կետի հիման վրա՝ Ռուսաստանի ներգրավվածությամբ», - ասաց Պետրոսյանը։
 
Ըստ քաղաքագետի, տարբեր գնահատականներ կային, որ Արևմուտքը նպատակ ունի Ադրբեջանին և Հայաստանին բերել նոր պայմանավորվածության, որը կհաստատի նոր ստատուս-քվո՝ առանց նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ գուցե նոր փաստաթղթով ամրագրված, որտեղ ապաշրջափակման գործընթացը այլևս չի ենթադրի ՌԴ ներկայություն։ Պետրոսյանի կարծիքով՝ նաև սրա պատճառով է Ադրբեջանը հրաժարվել մասնակցել Գրանադայի հանդիպմանը։
 
Հաջորդ պատճառը կարող է լինել փոխադարձորեն միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել չցանկանալը Ալիևի կողմից։ «Արևմուտքի սցենարը հենց դա էր։ Կարող էր միջանկյալ փաստաթուղթ ստորագրվել, որը խաղաղության պայմանագիր չէր լինելու և երկու հիմնական կետի շուրջ էր լինելու՝ կողմերը փոխադարձաբար ճանաչելու էին միմյանց տարածքային ամբողջականությունը և ապաշրջափակման հետ կապված ձեռք էր բերվելու նոր պայմանավորվածություն, որը պետք է տեղի ունենար տարածաշրջանային երկրների ինքնիշխանության ներքո։ Սա հակասում էր Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի շահերին»։
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ըստ Պետրոսյանի, փաստացի չի գործում, բայց այն կենսունակ է, քանի դեռ կողմերից գոնե մեկը չի հրաժարվել դրանից։ Քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել այդ փաստաթղթից, բնականաբար, այն, ըստ էության, կա, ու գործում է դրա 9-րդ կետն ու դրան հղումները դեռ լեգիտիմ են։ «Դրանից միակողմանի հրաժարումը շատ վտանգավոր է։ Մենք ունենք երկու խաղացող, որոնք չեն հրաժարվում այդ փաստաթղթից։ Նրանք անգամ պատերազմի միջոցով կարող են հասնել դրա կատարմանը։ Դա նրանց պահուստային սցենարներից մեկն է։ Այլ հարց է, երբ հրաժարումը տեղի ունենար Արևմուտքի սցենարով, այսինքն՝ Ադրբեջանի և Հայաստանի կողմից միաժամանակ», - ասաց Արմեն Պետրոսյանը։
 
Գնդակն այժմ Արևմուտքի դաշտում է։ Հայաստանը, ըստ Պետրոսյանի, պետք է պահանջատեր լինի Արևմուտքից, որ վերջինս իր տված երաշխքիները  կապահովի։ Պետրոսյանը հիշեցնելով Արմեն Գրիգորյանի այցը Իրան և հանդիպումները Իրանի բարձրաստիճան ղեկավարության՝ այդ թվում զինվորական ղեկավարության հետ, նշեց, որ տարածաշրջանում իրավիճակը պայթյունավտանգ է։ «Այստեղ Հայաստանի համար եզակի շանսեր են մնացել հնարավորինս անկորուստ դուրս գալ այս իրավիճակից՝ մինչև անգամ Իրանի հետ ռազմական համագործակցությունը, որքան էլ դա կարող է դուր չգալ Արևմուտքին», - ասաց Արմեն Պետրոսյանը։
 
Վովա Հակոբյան