Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը սպառել է արևմտյան հարթակներից իր ստանալիքը և փորձում է օգտագործել այլ հարթակներ՝ ՀՀ-ից զիջումներ ստանալու համար. նա փորձում է ձեռքերը տաքացնել հայ-ռուսական բարդ հարաբերությունների վրա

Ալիևը սպառել է արևմտյան հարթակներից իր ստանալիքը և փորձում է օգտագործել այլ հարթակներ՝ ՀՀ-ից զիջումներ ստանալու համար. նա փորձում է ձեռքերը տաքացնել հայ-ռուսական բարդ հարաբերությունների վրա
Քաղաքականություն
17:30, 11 октябрь 2023
ՌԴ ԱԳ փոխնախարարը առաջարկել էր Բիշքեկում կազմակերպել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև եռակողմ հանդիպում։ 

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունից էլ տեղեկացրել էին, որ հայկական կողմից ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։ ԱԳՆ-ն նշել էր, որ դեռևս հոկտեմբերի 4-ին են գործընկերներին տեղեկացրել այս մասին։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ադրբեջանում կայացած ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցներին դիմելով, շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ միջնորդական ջանքերի համար։ 

Ավելին՝ Ալիևը հայկական կողմին մեղադրել է հանդիպումներից խուսափելու մեջ՝ նշելով՝ ցավոք, հայկական կողմը հրաժարվեց այս հանդիպումից. «Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը խաղաղությո՞ւն է ուզում։ Կարծում եմ՝ ոչ, որովհետև եթե խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի այս հնարավորությունից։ Հայաստանի վարչապետը 6 ժամ թռչում է Գրանադա, այնտեղ անհասկանալի հանդիպման է մասնակցում, որտեղ քննարկվում է Ադրբեջանը՝ առանց Ադրբեջանի, բայց նա չի կարողանում 2-3 ժամով Բիշքեկ թռչել, կարևոր գործեր ունի։ Սա այն է, ինչ մենք բոլորս պետք է բացահայտ ասենք։ Սա տեսնում են բոլորը, բայց սա պետք է ասել ու սրանից ելնել»։  

Գրանադայում Ադրբեջանը քննարկվել է առանց Ադրբեջանի ներկայացուցչի, քանի որ հենց ադրբեջանական կողմն է վերջին պահին խուսափել հնգակողմ հանդիպումից։ Մինչ այդ Ադրբեջանը իր ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևին ուղարկել էր Բրյուսել՝ Գրանադայի հանդիպումը նախապատրաստելու համար։ 

Հիմա հարց է առաջանում՝ ո՞վ է խուսափում հանդիպումներից և ո՞վ չի ուզում հասնել խաղաղության։

Ի տարբերություն Ալիևի՝ որ վերջին պահին հրաժարվեց Գրանադայի հանդիպումից, հայկական կողմը որևէ նախօրոք նշանակված հանդիպումից չի հրաժարվել, իսկ Բիշքեկի գագաթնաժողովին մասնակցում է նախարարի տեղակալի մակարդակով, եռակողմ հանդիպման առաջարկն էլ ավելի ուշ է եղել։

Բացի դրանից՝ Ալիևը փորձում է ձեռքերը տաքացնել հայ-ռուսական ոչ հարթ հարաբերությունների վրա՝ փորձելով ներկայանալ որպես կառուցողական կողմ, որը կողմնակից է ռուսական միջնորդությանը, իսկ ահա, տեսեք, Հայաստանը մերժում է դաշնակցի միջնորդությամբ տեղի ունեցող հանդիպումներին մասնակցել։ 

Հայաստանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ ցանկացած հարթակ պատրաստ է օգտագործել՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Այդ Ադրբեջանն է, որ արդեն երկրորդ անգամ խուսափում է արևմտյան հարթակում հնարավոր բանակցությունից։ Որևէ նախօրոք պլանավորված հանդիպումից հայկական կողմը չի հրաժարվել՝ բացառությամբ մեկ դեպքի, երբ ՌԴ-ում չկայացավ ԱԳ նախարարների մակարդակով կայանալիք եռակողմ հանդիպումը։ Իսկ պատճառն այն է, որ հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փակել էր Լաչինի միջանցքը, և այստեղ հարթակը որևէ կապ չուներ։

Ադրբեջանը փորձում է կառուցողական կողմ երևալ՝ Հայաստանին մեղադրելով խաղաղություն չցանկանալու, ապակառուցողականության մեջ։ Փաստերը, սակայն, հակառակի մասին են խոսում։ Հայաստանը մեկ անգամ չէ, որ առաջարկել է զորքերը հայելային հետ քաշել շփման գծից՝ նոր էսկալացիաներից խուսափելու համար, Հայաստանը առաջարկել է ապաշրջափակել կոմունիկացիաները՝ առաջարկելով տարբեր եղանակներ, Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և այսպես շարունակ։ Լեռնային Ղարաբաղը հայաթափելուց հետո անգամ Ադրբեջանը որևէ քայլ չի անում  հարաբերությունները կարգավորելու համար՝ անընդհատ տարբեր, նոր խնդիրներ հարուցելով. նախ Ալիևը խոսում է 8 գյուղերի մասին, հետո ՀՀ տարածք՝ ադրբեջանցիների վերադարձի, միջանցքի մասին և այլն։ 

Ալիևը Արևմուտքից ստանալիքը ամբողջությամբ ստացել է, և դա է պատճառը, որ խուսափում է արևմտյան հարթակներում բանակցություններից և առաջարկում է նոր տարբերակներ՝ «3+3», վրացական միջնորդություն, ռուսական, իսկ ռուսական միջնորդությամբ դեռևս ակնկալում է միջանցք պոկել Հայաստանից։ 

Վովա Հակոբյան