ԵՄ-ն նախազգուշացրել է Ադրբեջանին Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտման «ծանր հետևանքների» մասին
Եվրամիությունը նախազգուշացրել է Ադրբեջանին Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտման «ծանր հետևանքների» մասին․ Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում․ գրում է ՏԱՍՍ-ը։

 
Բորելն ասել է, որ ԵՄ-ն հստակ զգուշացրել է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ցանկացած խախտում անընդունելի է և կհանգեցնի «ծանր հետևանքների»: «Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանին ապակայունացնելու ցանկացած փորձի դեմ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, և մեր ուղերձը Ադրբեջանին պարզ է. Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է լինելու և ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների վրա», նա նշել է։

Դիվանագիտության ղեկավարը կոչ է արել վերսկսել Բաքվի և Երևանի միջև բանակցությունները՝ խաղաղ համաձայնության հասնելու համար։