Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գոյաբանական սպառնալիքի տակ է․ Ֆրանսիան խոր մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի հայկական թաղամասում շարունակվող լարվածությանը

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գոյաբանական սպառնալիքի տակ է․ Ֆրանսիան խոր մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի հայկական թաղամասում շարունակվող լարվածությանը
Քաղաքականություն
20:09, 16 ноябрь 2023
Ֆրանսիան խոր մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում շարունակվող լարվածությանը, որտեղ իսրայելցի վերաբնակիչների կողմից բռնի ճնշում է գործադրվում բնակչության նկատմամբ. տեղեկանում ենք Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության տարածած հաղորդագրությունից։

«Այն պետք է անհապաղ դադարեցվի»,- ասված է հաղորդագրությունում։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, հավանաբար, 16-դարյա պատմության ընթացքում ամենամեծ գոյաբանական սպառնալիքի տակ է։ Այս գոյաբանական-տարածքային սպառնալիքն ամբողջությամբ տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնյա համայնքների վրա։ Այս մասին հրատապ հաղորդագրություն է տարածել Պատրիարքարանը՝ անդրադառնալով «Կովերի պարտեզի» շուրջ ստեղծված իրավիճակին:

«Հայոց պատրիարքարանը չեղարկել էր «Կովերի պարտեզին» առնչվող պայմանագիրը: Չեղարկմանն օրինական արձագանք տալու փոխարեն՝ կառուցապատողներն ամբողջությամբ անտեսել են Պատրիարքարանի օրինական դիրքորոշումն այս հարցում և փոխարենը ընտրել են սադրանքի, ագրեսիայի և այլ հալածող, հրահրող մարտավարություն՝ այդ թվում սեփականության ոչնչացում, լավ սպառազինված սադրիչներին վարձելը և այլ սադրանքներ:

Վերջին օրերին հայկական թաղամասի տարածքում ասֆալտի ահռելի հատվածի ոչնչացումն ու հեռացումն իրականացվել է առանց քաղաքապետարանի թույլտվության: Անտեսելով այս հանգամանքը՝ ոստիկանությունը հայկական համայնքից պահանջել է ազատել տարածքը։ Կոչ ենք անում Երուսաղեմի բոլոր քրիստոնյա համայնքներին՝ այս աննախադեպ ժամանակներում սատարել Հայոց պատրիարքությանը, քանի որ սա ևս մեկ ակնհայտ քայլ է, որ ձեռնարկվել է Երուսաղեմում և Սուրբ Հողում քրիստոնեական ներկայությանը վտանգելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: