Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող «Կովերու պարտեզ»-ի աղմկահարույց գործարքը չեղյալ է հայտարարվել

Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող  «Կովերու պարտեզ»-ի աղմկահարույց գործարքը չեղյալ է հայտարարվել
Հասարակություն
13:57, 01 ноябрь 2023
Երուսաղեմի Սրբոց Յակոբյանց Միաբանության դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկանք է հրապարակել, համաձայն որի՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը  նամակ է ուղարկել  Xana Gardens Ltd-ին՝ տեղեկացնելով, որ չեղյալ է համարում  Երուսաղեմի Հին Քաղաքի հայկական թաղամասի «Կովերու պարտեզ» կալուածքի վերաբերեալ 2021 թուականի հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը»։ 

Նշենք, որ Երուսաղեմի  Հայոց  Նուրհան Մանուկյան պատրիարքը և պարետ Երիցյանը (այլևս կարգալույծ հռչակված) երկու տարի առաջ գործարք էին կնքել հրեա գործարարի հետ և 99 տարով վարձակալության հանձնել «Կովերի պարտեզ» կալվածքը: Հատկանշական է, որ 99 տարով տարածքը վարձակալությամբ տալու համաձայնագիրն անօրինական է հենց այն առումով, որ որևէ մեկն իրավունք չունի հայկական կալվածքները 99 տարով վարձակալության տալու, պատրիարքության կանոնադրությամբ, առավելագույն ժամկետը 49 տարին է:

Հիշեցնենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Վեհափառ Հայրապետը ամիսներ առաջ հեռախոսազրույց էր   ունեցել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։ Ըստ տարածված հաղորդագրության՝ վեհափառ հայրապետի և պատրիարքի խորհրդակցության առանցքը հանդիսացել էր Երուսաղեմի Պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ»-ի շուրջ վերջերս ծագած խնդիրը։ Հայրապետը պատրիարքի ուշադրությունն էր հրավիրել խնդրի առնչությամբ հանրային մտահոգությանը։ Պատրիարքը վստահեցրել էր Վեհափառ Հայրապետին, որ «Կովերի պարտեզ»-ի շուրջ կայացած համաձայնությունը չեղյալ հայտարարելու ուղղությամբ արդեն իսկ սկսել է գործնական քայլերի դիմել։

Նախքան այս հեռախոսազրույցն էլ  Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարեցին, որ  Նուրհան պատրիարքն իշխանազուրկ պատրիարք է, և որ նրան այլևս որպես պատրիարք չի ճանաչում, քանի որ ապօրինի գործարք է իրականացրել։ 

Այս գործարքի շուրջ բարձրացված աղմուկն այնքան մեծ էր, որ հունիսին թեմային վերաբերող ռեպորտաժ պատրաստեց  հեղինակավոր լրատվամիջոցներից մեկը՝ СNN-ը։  Լրատվամիջոցը զրուցել էր  պատրիարքարանի ներկայացուցիչներից Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի հետ, որը հայտարարել է, թե «Կովերի պարտեզը», ճիշտ է՝ վարձակալության է տրամադրվել 99 տարով, սակայն հիմա աշխատում են գործարքի չեղարկման ուղղությամբ։