Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երուսաղեմի պատրիարքը կչեղարկի «Կովերի պարտեզ»-ի՝ վարձակալության հանձնած աղմկահարույց որոշումը

Երուսաղեմի պատրիարքը կչեղարկի «Կովերի պարտեզ»-ի՝ վարձակալության հանձնած աղմկահարույց որոշումը
Տարածաշրջան
12:50, 01 июнь 2023
Օրերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել Երուսաղեմի հայոց Պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։ Ըստ տարածված հաղորդագրության՝ վեհափառ հայրապետի և պատրիարքի խորհրդակցության առանցքը հանդիսացել է Երուսաղեմի Պատրիարքությանը պատկանող «Կովերի Պարտեզ»-ի շուրջ վերջերս ծագած խնդիրը։ Հայրապետը Պատրիարքի ուշադրությունն է հրավիրել խնդրի առնչությամբ հանրային մտահոգությանը։

Պատրիարքը վստահեցրել է Վեհափառ Հայրապետին, որ «Կովերի Պարտեզ»-ի շուրջ կայացած համաձայնությունը չեղյալ հայտարարելու ուղղությամբ արդեն իսկ սկսել է գործնական քայլերի դիմել։

Երուսաղեմի Սրբոց Յակոբյանց Միաբանության դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս առնչությամբ որևէ նոր զարգացում չկա, ամեն բան հաղորդագրությունում գրված է:

«Եթե այդ մասին որևէ նոր բան լինի, ես նորից հանդես կգամ: Նշվել է, որ Արամ կաթողիկոսը և պատրիարք սրբազանը խոսել են,  նոր բան չեմ կարող ասել: Ես չեմ կարող ասել կամ մեկնաբանել, թե դրանից զատ ինչ են խոսել: «Կովերի պարտեզի» հետ կապված հիմա որևէ հայտարարություն անել չեմ կարող այնքան ժամանակ, քանի ես մեր տնօրեն ժողովի թույլտվությունը չունեմ: Անգամ եթե լիներ նորություն, առանց այդ թույլտվություն ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ տեղի իշխանությունները չեն ճանաչում Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին որպես պատրիարք, այս մասով ինչ-որ դժվարություններ չկա՞ն, Հայր Աղան Գոգչյանը պատասխանեց. «Այս պահին դժվարություններ չկան, բայց այդ հարցով աշխատանքներ կատարվում են: Հետագայում եթե ինչ-որ բան լինի ես կտեղեկացնեմ հանրությանը»:

Երուսաղեմի հայ համայնքը հիմա ակնկալում է երկու կաթողիոկսներից ճնշում պատրարքի վրա, որ «Կովերի պարտեզ»-ի պայմանագիրը չեղարկվի։ Երուսաղեմի հայ համայնից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ Երուսաղեմի համայնքը ամեն ուրբաթ ցույցեր է իրականացնում պատրիարքության մոտ, այս ուրբաթ նույնպես ցույց կիրականացվի․ ցույցերով ճնշում են գործադրում պատրիարքի վրա, որ չեղարկեն «Կովերի պարտեզ»-ի պայմանագիրը։ Մեզ հետ զրույցում նշանք նշեցին, որ պետք է ցույցերին համայնքից ավելի շատ մարդ մասնակցի, որ ճնշումն ավելի մեծ լինի և ի վերջո չեղարկվի պայմանագիրը։

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Նուրհան Պատրիարքը և պարետ Երիցյանը գործարք էին կնքել հրեա գործարարի հետ և 99 տարով վարձակալության հանձնել «Կովերի պարտեզ» կալվածքը: Հատկանշական է, որ 99 տարով տարածքը վարձակալությամբ տալու համաձայնագիրն անօրինական է հենց այն առումով, որ որևէ մեկն իրավունք չունի հայկական կալվածքներն 99 տարով վարձակալության տալ, պատրիարքության կանոնադրությամբ, առավելագույն ժամկետը 49 տարին է:

Շաբաթներ առաջ Կովերի պարտեզի հետ կապված Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հայտարարեցին, որ  Նուրհան պատրիարքն իշխանազուրկ պատրիարք է և որ նրան այլևս որպես պատիրարք չեն ճանաչում, քանի որ ապօրինի գործարք է իրականացրել։