Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ
Քաղաքականություն
22:46, 20 ноябрь 2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ:

Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է դեսպանին Ղազախստանի «Հանրապետության և ինքնիշխանության» օրվա կապակցությամբ:

«Անկախությունն ու ինքնիշխանությունը բարձրագույն արժեքներ են և Ղազախստանի ժողովրդի համար խորհրդանշական տոնի կապակցությամբ իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ձեր երկրի բարձրագույն ղեկավարությանն ու բարեկամ ղազախ ժողովրդին»,- նշել է նախագահը:

Դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար և շեշտել, որ դիվանագիտական ծառայության ընթացքում իր բոլոր ջանքերն ուղղված են հայ-ղազախական հարաբերությունների սերտացմանն ու զարգացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում հետագա համագործակցության խթանման հեռանկարներն ու ուղղությունները: Երկուստեք կարևորվել է փոխգործակցությունը, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների և հարակից ոլորտներում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի խորհրդարանների միջև խորհրդարանական դիվանագիտության դինամիկ զարգացմանը: Այս համատեքստում կարևորվել են երկու երկրների օրենսդիրների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ղազախստանի ակադեմիական շրջանակների միջև համագործակցության ակտիվացման, մասնավորապես ղազախ ժողովրդի պատմության ուսումնասիրության համար Մատենադարանի ռեսուրսների օգտագործմամբ՝ համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին: