Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցի Սեիդովը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

Ադրբեջանցի Սեիդովը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ
Քաղաքականություն
20:40, 22 январь 2024
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում. տեղեկացնում են ադբեջանական ԶԼՄ-ները։

Այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում ընտրվել են ԵԽԽՎ 19 փոխնախագահներ։ Իսկ ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Հունաստանից Թեոդորոս Ռուսոպուլոսը։ Ռուսոպուլոսը ԵԽԽՎ 35-րդ նախագահն է և Հունաստանի առաջին քաղաքացին, որը զբաղեցնում է այդ պաշտոնը։ Նա պաշտոնավարելու է մեկ տարի ժամկետով, որը կարող է մեկ անգամ երկարաձգվել։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ տեղեկացվել էր՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) վիճարկվել են ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

«ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վիճարկվել են պարտավորությունների չկատարման, ինչպես նաև համագործակցության բացակայության հետ կապված համոզիչ հիմքերով», - ասված է ԵԽԽՎ-ի  տարածած հաղորդագրության մեջ:

Վեհաժողովն այս հարցի վերաբերյալ որոշում կկայացնի չորեքշաբթի  օրը՝ երեկոյան կայանալիք բանավեճից հետո։


Անահիտ Խաչատրյան