Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեպք գիտեմ, որ մեր պետական օդանավը եկել է համապատասխան տեղից, այստեղից գումարները մեշոկներով տարել են, որ կազինոյում վճարեն․ Խաչատուր Սուքիասյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Դեպք գիտեմ, որ մեր պետական օդանավը եկել է համապատասխան տեղից,  այստեղից գումարները մեշոկներով տարել են, որ կազինոյում վճարեն․ Խաչատուր Սուքիասյանը՝ Սերժ Սարգսյանի մասին
Քաղաքականություն
14:03, 26 август 2021
«Ես ավելի քիչ թիվ եմ հնչեցրել նրա համար, որ ավելի ապացուցելի լինի։ Մինչև անգամ, ես դեպք գիտեմ, որ մեր պետական օդանավը եկել է համապատասխան տեղից, որ կազինո կա, այստեղից գումարները մեշոկներով տարել են, որ վճարեն։ Որովհետև կարող ես խաղալ՝ հետո վճարել։ Ամբողջ մաքսային համակարգը ինչքան մուտքեր եղել է, Արմեն Ավետիսյանի միջոցով, մուտքերը տարվել է ուրիշ տեղ, ոչ թե բյուջե։ Ո՞վ չգիտի։ Գնացեք, Հայաստանում, տասնյակ, հարյուրավոր գործատուների հարցրեք՝ ի՞նչ են արել այդ թվականներին, ո՞նց էին մարդկանց կեղեքում։ Իսկ երեկ, որ հնչեցրել եմ, չեք լսե՞լ Կառլոս Պետրոսյանի մասին ու չեք էլ հասկացել՝ ում մասին է։ Մարդկանց տանում էին Ազգային անվտանգության սենյակներում ինչ օրն էին գցում, որ կեղեքեն», - լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմնից խաղատներում պարտված գումարներին, ասաց Խաչատուր Սուքիասյանը։ 

Անդրադառնալով հարցին, թե երեք տարիների ընթացքում ինչու՞ նոր իշխանության կողմից ոչինչ չի արվել այդ դեպքերը բացահայտելու ուղղությամբ, Սուքիասյանն ասաց, որ բոլորը լավ գիտեն, որ Հայաստանի Հանրապետության ունեցվածքը տարիներ շարունակ, տարբեր ձևերով յուրացվել է։ Իսկ այն հարցին, որ ինքը ևս 90-ականներին օլիգարխ է եղել, Սուքիասյանն ասաց, որ Կառլոս Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը եղել ԱԱԾ ղեկավարներ, թող ասեին, թե ինքը ի՞նչ է արել։ «Ես տնտեսվարող եմ եղել, ստեղծել եմ, պապկեքը կա, թող հրապարակեն։ Մի պատմություն եմ ուզում ձեզ պատմել, թող մեր քաղաքացիներն էլ իմանան։ ԱԱԾ նախորդ ղեկավարներից մեկի մասին ասում էին՝ պապկեքը տարել է, նկատի ունեմ՝ թղթապանակները, ես վերջում պատասխանեցի, որ այդ թղթապանակները նրա համար են, որ էս մեկին, կամ էն մյուսին շորթեն։ Եթե մարդը, ինքը գիտի՝ ինքը ով է՝ ոչ մի պապկայից չի վախենում», - ասաց Խաչատուր Սուքիասյանը։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի մասնակցությանը Խաչատուր Սուքիասյանին պատկանող տարբեր շինությունների բացմանը, վերջինս ասաց․ «Դուք գիտեք, որ ինստիտուտ գոյություն ուներ՝ նախագահի ինստիտուտը, և մեզ համար, որպես սեփականատեր, որպես կառուցող, մեզ համար շատ դրական էր, որ պետական կառավարման ամբողջ համակարգը գալիս է բացման արարողությանը։ Ուրիշ բան մի փնտրեք։ Ես էլ, այդ ժամանակ հարց էի առաջ քաշել, որ եթե գալիս եք՝ եկեք մետրոյով, հաշվի առնելով սոցիալական հատվածը։ Իսկ որ ասում են՝ հանդիպում ես՝ իհարկե հանդիպում եմ։ Մեկի գլուխը, որ ցավում է, դիմում է բժշկի չէ՞։ Ամեն մեկն իր հասցեն ունի։ Իր աշխատասենյակի վրա գրված է ՀՀ նախագահ, ես չէի իրեն այնտեղից դուրս հանելու, գնայի ասեի՝ դուրս եկեք։ Ընտրված նախագահ է։ Ի՞նչ պետք է անեինք՝ սահմանադրորեն։ 2009 թվականին, երբ ես Հայաստանից գնում էի Գերմանիայի Դաշնություն, ինձ խնդրում էր, որ մնամ Հայաստանում, տնտեսություն վարեմ՝ անունը չեմ տալիս, ես ասացի, որ չեմ ուզում։ Հետո ասացի՝ գնամ մի քանի օր հանգստանամ, հետո մարդ եկավ, ասաց․ «Գիտե՞ք, էս ինչ տեղը Հայաստանի կառավարությունից, լցված կազինոյում խաղում են»։ Հիմա ձեզ եմ ասում, ինքն էլ թող լսի։ Ես մտել եմ ներս, իրենք փախել են։ Հիմա դա լա՞վ է, թե՞ վատ է։ Չեմ ասի՝ ովքեր են եղել, բայց այդ օրը Սերժ Սարգսյանը չի եղել»։ 

Անդրադառնալով իրավական գործընթաց սկսելու հարցին, Սուքիասյանն ասաց, որ սկսվելու են իրավական պրոցեսներ։ «Գիտեք, որ արդեն դատական գործընթացներ են սկսվել «Բջնի» հանքային ջրերի գործարանի մասով։ Բոլոր փաստաթղթերին դուք կծանոթանաք։ Անկախ նրանից, թե դու ինչ գործունեություն ես ծավալում՝ եթե հրահանգը գալիս է, որ պետք է այդ ամեն ինչը կեղծվի պետականորեն՝ կեղծում են շատ հանգիստ, իսկ եթե չես ենթարկվում՝ ուժ են կիրառում։ Եթե այդտեղ էլ չես ենթարկվում՝ ուրիշ բան են կիրառում։ Իսկ ո՞վ չգիտի, որ այդպես է եղել։ Ես ամեն ինչից տեղյակ եմ։ Ես իր փեսային էլ եմ տեսել, երբ դեռ փեսացու չէր, պետք է դառնար փեսա։ Ասել եմ՝ ո՞վ է այս տղան, հետո իմացա ով է, հասկացա։ Հարցրել եմ, թե ի՞նչ բիզնես ունի, ասել են․ «չէ, էսինչի տղան է, հերն էլ՝ պետական հիվանդանոցի ղեկավար է, գլխավոր բժիշկ է»։ Հետո, գլխավոր բժշկի տղան դառնում է տասնյակ հզոր կառույցների սեփականատեր», - ասաց Խաչատուր Սուքիասյանը։