Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարծես ժողովրդի ընկալմամբ՝ Անկախության հռչակագրին կպնելը ՀՀ սուբյեկտայնության դեմ է, բայց պետք է քննարկումներ կազմակերպել ու բացատրել. փաստաբան

Կարծես ժողովրդի ընկալմամբ՝ Անկախության հռչակագրին կպնելը ՀՀ սուբյեկտայնության դեմ է, բայց պետք է քննարկումներ կազմակերպել ու բացատրել. փաստաբան
Քաղաքականություն
20:30, 02 февраль 2024
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է, որ մեր Անկախության հռչակագրում երեք ուղերձ ենք նշում՝ պատմական արդարությունը, հայ ժողովրդի իղձերը և ԼՂ Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի ԼՂ-ի և Հայաստանի վերամիավորման որոշումը: Այնուհետև վարչապետն ընդգծել է հետևյալը. «Մենք այսօր Հռչակագրի հետ մեր հարաբերությունները իրոք պետք է կարգավորենք: Հարց՝ մեր պետական քաղաքականությունը 
արդյո՞ք պետք է այդ ուղերձով առաջնորդվի, և արդյո՞ք մեր պետական քաղաքականությունները պետք է հղվեն ԼՂ Ազգային խորհրդիև Հայաստանի Գերագույն խորհրդի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա: Սա քաղաքական ընտրությանհարց է, եթե այո՝ նշանակում է, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա: Ավելին, սա նշանակում է, որ մենք հիմա կունենանք պատերազմ»: 

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է փաստաբան Գևորգ Դավթյանի հետ։ Նա ասաց, որ այս հարցին պետք է անդրադառնալ ոչ թե զգացմունքային պահով, այլ՝ իրավական։

«Հուզմունքը պետք է մի կողմ թողնենք, որովհետև հանրության մեջ դա կարող է այլ կերպ ընկալվել, և կախված է, թե ով ինչպես է ներկայացնում։ Մեր Սահմանադրության հիմքում ընկած է Անկախության հռչակագիրը։ ՀՀ վարչապետը հենց դրա մասին էլ խոսում էր։ Իրականում այստեղ իրավական առումով լուրջ խոչընդոտ կա՝ երկու ասպեկտով։ Առաջին ասպեկտն այն է, որ արդյոք ՀՀ-ն անգամ 90-ական  պատերազմից հետո ճանաչե՞լ է ԼՂ-ն որպես առանձին միավորում-պետություն. ունենք փաստ, որ չի ճանաչել։ Հետևաբար այդ մասով ինքը միանշանակ հակադրվում է Սահմանադրությանը»,- նշեց Գևորգ Դավթյանը։

Նշելով երկրորդ ասպեկտը՝ փաստաբանն ասաց, որ դա այն է, որ 2020 թվականի պատերազմից հետո, երբ որ նոյեմբերի 9-ին ստորագրվեց եռակողմ պայմանագիրը, այնուհետև երբ անընդհատ միջազգային ասպարեզում, տարբեր երկրների միջնորդությամբ ստորագրում էին փաստաթղթեր, և իրավական առումով նաև ասացին, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ ըստ էության մտնում է դեռևս խորհրդային ժամանակներից Ադրբեջանի մաս կազմած փաստաթղթավորված ԼՂ-ն, նաև այդ մասով է հակասում։

«Որովհետև մենք գնում ենք խաղաղության, բայց Հռչակագիրը խաղաղություն չի բերում։ Հռչակագիրն ասում է, որ եթե մենք ճանաչում ենք՝ հակադրվում է մեր այսօրվա խոսույթին։ Այսինքն՝ մենք եթե չենք ճանաչում  Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ապա դա նշանակում է, որ մենք ինչ-որ մի ժամանակահատվածում պետք է կռիվ տանք կամ ինչ-որ մի ձևով վերադարձնենք, ինչը հակասում է այսօրվա մեր ստորագրած պայմանագրերին, համաձայնագրերին, նաև խաղաղությանը, որի սկզբունքների շուրջ արդեն երկու երկրները սկզբունքային համաձայնության եկել են, որ մենք ճանաչում ենք իրենց տարածքային ամբողջականությունը, իրենք՝ մեր տարածքային ամբողջականությունը»,- ասաց փաստաբանը։

Վերջինիս խոսքով՝ զուտ իրավական առումով մեր ներկայիս Սահմանադրությունը լուրջ խնդիրներ ունի, ու այդ առումով լուրջ խոչընդոտ է խաղաղության գործընթացի կազմակերպման համար:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դա ցավագին չի՞ ընկալվի հասարակության կողմից՝ հաշվի առնելով, թե ինչպիսի դժվարությամբ է   ձեռք բերվել Անկախության հռչակագիրը, փաստաբանն ասաց, որ մենք արդեն ունենք լուրջ բացասական ընկալում։
«Ես դրա համար ասացի, որ իրավական մասով եթե նայում ենք, դա խնդիր է։ Հիմա վերադառնալով ձեր հարցին, ապա հանրության կողմից, որպես Հայաստանի պատմության հետնորդներ, դա բացասական ընկալում է ունենալու։ Ես չեմ ուզում ասել մեծամասնության կողմից, բայց հիմնականում կախված է, թե ինչ հարթակներում դա ոնց է ներկայացվելու։ Իրավական մասով երբ որ մեկնաբանություն է տրվում, մենք այստեղ համոզվում ենք, որ խնդիր ունենք, երբ որ դա ընկալվի, կարծում եմ՝ այդ բացասական վերաբերմունքը կնվազի և դեպի դրականի կգնա։ Այս պահին հիմնականում հրապարակ է նետվում այն հանգամանքը, որ մենք Անկախության հռչակագիրը, ձեր ասածի նման, ձեռք ենք բերել շատ դժվարությամբ, ու Անկախության հռչակագրին կպնելը կարծես թե ժողովրդի ընկալման տեսակետից ՀՀ սուբյեկտայնության դեմ է ու նաև Ղարաբաղի դեմ է, բայց ստացվում է, որ եթե չկա Ղարաբաղ, չկա Հայաստան, այդ լոզունգն են առաջ տանում, ինչը,  իմ կարծիքով, ճիշտ չի»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանի կարծիքով՝ սա ավելի շատ հրապարակ նետվելու է մամուլի միջոցով, ու նայած, թե մամուլն ինչպես է դա ներկայացնելու ժողովրդին։ 

Այդ պատճառով, ըստ փաստաբանի, մինչ այդ պետք է բավականին լուրջ քննարկումներ կազմակերպվեն, այդ թվում՝ հեռուստատեսությամբ, մարդկանց ներկայացվի, թե ինչ է ասվել, ու դա ինչ դրական ու բացասական հետևանքներ կունենա։  
    
Լիլիթ Թադևոսյան