Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդյո՞ք մեր քաղաքականությունը պետք է հենվի ՀՀ և ԼՂ վերամիավորման որոշման վրա․ եթե՝ այո, ապա մենք խաղաղություն երբեք չենք ունենա, ավելին՝ հիմա կունենանք պատերազմ․ Փաշինյանը՝ Հռչակագրի մասին

Մեր Անկախության հռչակագրում երեք ուղերձ ենք նշում՝ պատմական արդարությունը, հայ ժողովրդի իղձերը և ԼՂ Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի ԼՂ-ի և Հայաստանի վերամիավորման որոշումը:

Այս մասին Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Մենք այսօր Հռչակագրի հետ մեր հարաբերությունները իրոք պետք է կարգավորենք: Հարց՝ մեր պետական քաղաքականությունը արդյո՞ք պետք է այդ ուղերձով առաջնորդվի, և արդյո՞ք մեր պետական քաղաքականությունները պետք է հղվեն ԼՂ Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա: Սա քաղաքական ընտրության հարց է, եթե այո՝ նշանակում է, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա: Ավելին, սա նշանակում է, որ մենք հիմա կունենանք պատերազմ»:

Վարչապետի խոսքով՝ եթե մենք բանակը հզորացնում ենք և գնանք ու իրագործենք հռչակագրի դրույթները, դա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար. «Որովհետև մենք հռչակել ենք, որ իրենց հետ առնվազն մենք թեմա ունենք»: 

«Իմ ասածը, այս խոսույթի զարգացումը Հայաստանն ուժեղացնելո՞ւ է, թե՞ թուլացնելու է. միանշանակ ուժեղացնելու է: Եթե այս խոսույթը ընտրենք որպես երկարաժամկետ ռազմավարություն, մենք զենք ձեռք բերելիս էլ խնդիր չենք ունենա»,- ընդգծեց վարչապետը: