Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների մասին թյուրիմացություն կա. Ինչի մասին է լինելու ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը. պարզաբանում է վարչապետը

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների մասին թյուրիմացություն կա. Ինչի մասին է լինելու ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը. պարզաբանում է վարչապետը
Քաղաքականություն
22:12, 23 ноябрь 2021
«Ես ինչքան հասկանում եմ, թյուրըմբռնում և թյուրիմացություն կա սահմանագծման և սահմանազատման բանակցությունների վերաբերյալ: Ես ինչքան հասկանում եմ հարցերից, տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանագծման և սահմանազատման արդյունքների մասին: Այդպիսի բան հնարավոր չէ»,- այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրատվամիջոցների հետ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներով: Էդ թղթի մեջ գրված չի լինելու, թե սահմանն անցնում է էստեղով, էնտեղով: Այս վերջին ձևակերպումը տեղի է ունենալու այդ հանձնաժողովի աշխատանքի հիման վրա»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:


Նա նշեց, որ իրեն ուղարկվել է ԵԱՀԿ խորհրդատվական փաստաթուղթը սահմանագծման և սահմանազատման աշխատանքների վերաբերյալ, որը ստեղծել են Բելառուսի և Լիտվայի փորձագետները՝ հաշվի առնելով իրենց երկրների միջև սահմանազատման և սահմանագծման դրական փորձը:


«Սահմանազատումը և սահմանագծումը այնքան բարդ գործընթաց է, որ հիմա եթե որևէ մեկն ուզենա... փաստաթուղթը լինելու է այն մասին, որ հանձնաժողով է ձևավորվում, և սկսվում են այդ աշխատանքները. ինչ մեթոդաբանությամբ պետք է դա տեղի ունենա, ինչ իրավական հիմքերի վրա պետք է հենվի»,- նշեց նա և հավելեց, որ քարտեզն ինքնին նկար է, որը առանց իրավական հիմնավորման որևէ արժեք չունի: «Մենք էսօր միլիմետրի ճշտությամբ գիտենք, թե Սովետական Հայաստանի դե յուրե նշանակություն ունեցող սահմանները որտեղով են անցնում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: