Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք այսօր միլիմետրի ճշտությամբ գիտենք, թե Սովետական Հայաստանի սահմանները որտեղով են անցնում. Փաշինյան

Մենք այսօր միլիմետրի ճշտությամբ գիտենք, թե Սովետական Հայաստանի սահմանները որտեղով են անցնում. Փաշինյան
Քաղաքականություն
22:36, 23 ноябрь 2021

Տպավորություն է, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման և սահմանագծման արդյունքների մասին: Այդպիսի բան ուղղակի հնարավոր չէ.այս մասին առցանց ասուլի ընթացքում հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ բանակցությունների բովանդակությունը բացահայտելու պահանջին վերաբերող հարցին: 

«Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որն սկսում է զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով: Այդ թղթի մեջ գրված չի լինելու՝ սահմանն անցնում է այստեղով, այստեղով կամ այստեղով: Վերջերս ինձ ուղարկել էին ԵԱՀԿ խորհրդատվական փաստաթուղթը սահմանազատման և սահմանագծման աշխատանքների վերաբերյալ, որն ստեղծել են Բելառուսի և Լիտվայի փորձագետները՝ հաշվի առնելով իրենց երկրների միջև սահմանազատման և սահմանագծման դրական փորձը: Փաստաթուղթը լինելու է այն մասին, որ ձևավորվում է հանձնաժողով, և սկսում են աշխատանքները՝ ի՛նչ մեթոդաբանությամբ դա պետք է տեղի ունենա, ի՛նչ իրավական հիմքերով և այլն»,- նշեց վարչապետը:

Վարչապետն անդրադարձավ քարտեզներին. «Շատ է խոսվում քարտեզների մասին: Պետք է բոլորս հասկանանք, որ քարտեզն ինքը նկար է, որն առանց իրավական հիմնավորման որևէ արժեք չունի: Հիմա կարող ենք ցանկացած քարտեզ ստեղծել, տպել, հրապարակել և ասել՝ սա ՀՀ քարտեզն է: 

Համացանցում քարտեզներ են ի հայտ գալիս, հնչում են պնդումներ, որ, տեսեք՝ Սովետական Հայաստանի քարտեզն է, այս տարածքը Սովետական Հայաստանի սահմանից ներս է: Մենք այդ հայտարարության հեղինակներին սիրով և հարգանքով հրավիրում ենք, որպեսզի ներկայացնեն իրավական հիմքերը: Մենք այսօր միլիմետրի ճշտությամբ գիտենք, թե Սովետական Հայաստանի սահմանները որտեղով են անցնում՝ դե յուրե նշանակություն ունեցող սահմանները:

Իսկ ինչո՞ւ Սովետական, որովհետև Հայաստանի Հանրապետությունն անկախություն հռչակել է Սովետական Հայաստանի տարածքով, և միջազգային հանրությունը ճանաչել է Հայաստանի Հանրապետությունն այդ տարածքով: Սա նաև կարևոր է այն իմաստով, որ եթե Ադրբեջանն ասում է՝ սահման չկա, կա սահման, կա տարածք, և այն տարածքը, որտեղ ներխուժել է, դա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է, և ներխուժման փաստով Ադրբեջանն ագրեսոր է, և այս ագրեսիայի փաստը պետք է միջազգային գնահատականի արժանանա: Սա լինելու է մեր արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից մեկը, և մենք այս հարցով մեզ որևէ ֆորմատով չենք սահմանափակելու»: