Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիրանցիների խնդիրներին լուծումներ առաջարկելու փոխարեն, մարդկանց մտավախությունները օգտագործվում են իբր Հայաստանը փրկելու, արժանապատիվ խաղաղության և այլ աբստրակտ ու լոզունգային խոսույթները սպասարկելու համար. քաղաքագետ

Կիրանցիների խնդիրներին լուծումներ առաջարկելու փոխարեն, մարդկանց մտավախությունները օգտագործվում են իբր Հայաստանը փրկելու, արժանապատիվ խաղաղության և այլ աբստրակտ ու լոզունգային խոսույթները սպասարկելու համար. քաղաքագետ
Քաղաքականություն
00:17, 09 май 2024
Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Այս ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ ինչպիսին էլ լինի սահմանազատումը Ոսկեպար-Կիրանց հատվածում, սահմանը անցնելու է նույն ուրվագծերով, ինչ ներկա գործընթացի պարագայում:

Ուրիշ սահման այդ շրջանում չի եղել ու ուրիշ սահմանազատման սկզբունքներ հետխորհրդային երկների միջև իրականացված օրինակները չգիտեն:    

Քաղաքական պայքարը հայկական քաղաքական միտքը պատկերացնում է միայն փրկության ու ազգային-ազատագրական շարժման տրամաբանությամբ, այսինքն՝ միշտ տալիս է հարցին էսխաթոլոգիական բնույթ: Հենց դա է պատճառը, որ կաևոր են էմոցիաները, խորհրդանիշները այլ ոչ թե լուծումների էֆեկտիվությունը: Քայլը ինքանրժեք է, եթե ունի որոշակի էթիկական բովանդակություն, ու ենթադրաբար, նաև բերելու է անխուսափելի դրական արդյունքի: Հայոց պատմությունը հիմնականում հայոց պատմությամբ հետաքրքրվող այդ մարդկանց համար միայն որոշակի մսաղացի նեղ անցքերով անցած մի քանի օրինակների պահարան է: Ադոնցի հայտնի մամիկոնյաններ-բագրատունիներ այլնտրանքի մեջ նրանք միշտ ընտրում են մամիկոնյաններին, սակայն զինելով նրանց ոչ թե ժամանակին հարիր զենքով (ի վերջո, կարևորը ոգին է), այլ նախնիների ոսկորներով ու միջնադարյան անշունչ ու անճար խորհրդանիշներով: Նրանք գիտեն ու հաճախ բերում են Սարդարապատի օրինակը, բայց հիմնականում լռում են ավելի մեծ ծավալների ու թեժության Ղարաքիլիսայի մասին, որովհետև այնտեղ արդյունքը այլ էր: Իհարկե, նման մտածելակերպը վերագրում է անհաջողությունները նույնպես բարոյական գործոններին՝ դավաճաններին, հակազգային տարրերին, «թուրքամետներին» և այլն:  «Թուրքը» այդ սյուժեյում գլխավոր մոբիլիզացիայի գործիքն է՝ ու ինչքան շատ են նրանք փորձում վախեցնել «թուրքով», այնքան ավելի շատ են բարոյալքում մարդկանց և գովազդում «թուրքերին»: Նաև հիշելով պայքարի հաջող օրինակները, երբեք չեն մտածում հաջորդ քայլի մասին, կարծես դրանով ամեն ինչ ավարտվում է: Հերոսական Վանը 1915-ապրիլ-մայիսին ու նույն տարվա հուլիսին կամ 1918 թ., Շաքի-Շամախիի շրջանի մոտ 80 հազ. գրեթե իսպառ ոչնչացված հայության ճակատագիրը, կամ Բաքվի  մարտերի, որոնք իրենց համառությամբ և հերոսական դրվագներով գերազանցում են 1918 թ. ցանկացած այլ ճակատամարտ: Բավական է այսօր ևս մեկ հաղթանակ տանել, ու վաղը բոլոր հարցերը լուծվելու են, արժանապատվիւթյունը վերականգնվելու է և մենք հասնելու ենք մեր վերջնական նպատակին՝ «թուրքի» դեմ կատարյալ հաղաթանակին: Արդյոք հայոց պատմության մեջ քի՞չ են օրինակները, երբ հաղթանակներին հաջորդել են պարտությունները: Իսկ համաշխարհային պատմությա՞նը: Կամ հակառակը: Ու արդյո՞ք միայն ռազմական հաղթանակներն են եղել պետությունների զարգացման դրդապատճառը, այլ ոչ նաև պարտություննե՞րը ու դրանց պատճառները հասկանալու ու գիտակցելու փորձերը:  Հաջորդ քայլի մասին մտածելը, իրականության բարդության ընկալումը, պետությունների հարաբերությունները ազգ-ամբոխների հարաբերություններին չխառնելը, ծանր պահերին սառը դատելը՝ այս ամենը «լևոնականութուն» է, զգուշավորությունը ու հաշվարկը՝ վախկոտություն: 

Հայաստանը հայտնվում է այս իրավիճակում ոչ առաջին անգամ ու ոչ էլ երկրորդ կամ երրորդ, ու ամեն անգամ նույն թեթևամտությունը, տգիտությունը ու իրականության գեղարվեստական ընկալումը բերում են նույն արդյունքների:  

Ցանկացած խնդրի մասին մոտավոր, աղոտ, հակասական պատկերացում, բայց  նույն հիմքի վրա միշտ «ազգանպաստ» լուծում, էմոցիաների մի այնպիսի փոթորիկ, որը անհնարին է դարձնում հենց նման պահերին այդքան հարկավոր ու արժեքավոր սառը դատողության ու ազատ հանրային խոսքի ու բանավեճի կարիքը չեն կարող ապահովել «ազգանպաստ» լուծում: Ու նաև քարոզչություն, ստեր ու ապատեղեկատվություն, երբ առանց այդ էլ խոցելի իրավիճակում գտնվող մարդիկ, որոնք, ասենք, ամբողջ կյանքը օգտվել են Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն-Թբիլիսի մայրուղուց մտածում են, որ Ոսկեպարի շրջանում այս գործնթացի արդյունքում կտրվելու է Վրաստանի ու Հայաստանը կապը, կամ որ հանձնվում են Տավուշի հայկական գյուղերը, կամ որ նույն համատեքստում իբր Ջիլիզա գյուղը, որը արդեն հայ-վրացական սահմանին է ու երբեք չի եղել վիճելի, հանձնվում է Վրաստանին և այլն: Իրականության նման խեղաթյուրման արդյունքում մարդիկ պատրաստ չեն ընկալել բարդ լուծումները ու քանի որ հեռանում են իրականությունից, նաև հետագայում ընդունակ չեն հասկանալ կատարվածի իրական պատճառները»։