Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետի հայտարարություններից դժգոհությունն ու հաթաթան մեղմ ասած ոչ միայն բավարար չեն քաղաքական սուբյեկտության ճանապարհին, այլ ըստ էության կարող են ընդամենը լինել պարզունակ շանտաժ․ քաղաքագետ

Վարչապետի հայտարարություններից դժգոհությունն ու հաթաթան մեղմ ասած ոչ միայն բավարար չեն քաղաքական սուբյեկտության ճանապարհին, այլ ըստ էության կարող են ընդամենը լինել պարզունակ շանտաժ․ քաղաքագետ
Քաղաքականություն
13:48, 28 декабрь 2021
Քաղաքագետ Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Կրկնեմ նախօրեին արտահայտած միտքս. պետք է հանգիստ եւ հանդարտ վերաբերել վարչապետ Փաշինյանի ասուլիսին հնչած մտքերի հանդեպ Արցախի նախագահի եւ քաղաքական ուժերի արձագանքներին: Իհարկե այդ արձագանքների մեջ տեղ են գտել նաեւ անմտություններ, բայց դե առանց դրա չէր էլ լինի մի պարագայում, երբ արցախյան քաղաքական միջավայր ասվածը ավելի քան երկու տասնամյակ վերածվել է «քաղաքական մակաբուծության» դաշտի: 

Այսինքն, ավելի շատ կենացի օբյեկտ, Հայաստանում քաղաքական իշխանության ներքին խնդիրների սպասարկման միջոց՝ քաղաքական սուբյեկտային գրեթե զրո պատասխանատվություն:

Ըստ այդմ, զգուշավոր ողջունելիության է ենթակա, եթե արցախյան քաղաքական միջավայրում ձեւավորվի սեփական քաղաքական դիրքորոշման եւ պատասխանատվության ինստիտուտ: Առկա իրավիճակը կարող է լինել դրա խթան: Բայց, ինչպես նաեւ նախօրեին է արտահայտվել՝ արցախյան քաղաքական միջավայրի դերակատարները, մասնավորապես խորհրդարանում այդքան հապշտապ հավաքված ու հայտարարություն ընդունած ուժերը դեռ պետք է կարողանան ստանձնել եւ իրացնել այդ պատասխանատվությունը թե կամային, թե բովանդակային իմաստով:

Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի վարչապետի հայտարարություններից դժգոհությունն ու հաթաթան մեղմ ասած ոչ միայն բավարար չեն քաղաքական սուբյեկտության ճանապարհին, այլ ըստ էության կարող են ընդամենը լինել պարզունակ շանտաժ, եթե չշարունակվեն սեփական քաղաքական բովանդակության ձեւավորումով, որը ուշադրության արժանի մտքեր կպարունակի ոչ թե  հայաստանյան այսպես ասած ընդդիմադիր շրջանակների, այլ միջազգային դերակատարների համար:

Թեմայի վերաբերյալ նախօրեի մի անդրադարձս էլ տեղադրում եմ մեկնաբանություն բաժնում: