Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Փաստորեն մոտ 5 օր ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը «փակ» էր․ հանրայնացվեց Բայդեն-Պուտին Վեհաժողովին զուգահեռ»․ Հակոբ Բադալյան

«Փաստորեն մոտ 5 օր ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը «փակ» էր․ հանրայնացվեց Բայդեն-Պուտին Վեհաժողովին զուգահեռ»․  Հակոբ Բադալյան
Քաղաքականություն
12:59, 08 декабрь 2021
Քաղաքագետ Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Դեկտեմբերի 7-ին հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրների արտգործնախարարների մակարդակով արված հայտարարությունը: ՌԴ նախարար Լավրովը դրա մասին ազդարարեց դեռ դեկտեմբերի 2-ին, բայց հայտարարությունը հանրայնացվեց միայն դեկտեմբերի 7-ին: Ի դեպ, ուշադրության է արժանի, որ եռյակի հայտարարությունը հանրայնացվեց Բայդեն-Պուտին Վեհաժողովին զուգահեռ, կամ դրա ավարտին մոտ՝ ստույգ ժամը կդժվարանամ ասել:

Այս հանգամանքը ուշադրության է արժանի նրանով, որ փաստորեն մոտ 5 օր հայտարարությունը «փակ» էր:

Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա այն ընդհանուր առմամբ մինչ այդ եղած ստանդարտի մեջ է: Եվ դարձյալ ուշադրության է արժանի, որ ԱՄՆ ու Ֆրանսիան «ճանաչում» են ՌԴ եռակողմ ձեւաչափի դերը, ինչպես նաեւ կենտրոնանում մարդասիրական օրակարգի վրա, շրջանցելով քաղաքական հարցերը, բայց եւ շեշտելով «համապարփակ կարգավորման» հանգամանքը:

Ուշադրության է արժանի, որ համանախագահության ձեւաչափում շեշտվում է սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի կարեւորությունը: Միաժամանակ, դիտարկելով այն, որ կոչ են անում կողմերին պահել նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունները,  հնարավոր է եզրակացնել, որ ԱՄՆ ու Ֆրանսիան սահմանազատման ու սահմանագծման հարցում էլ աջակցում են ՌԴ առաջարկած աշխատանքային մոդելը:

Իհարկե քաղաքական բուն իրականությունը իր խորքում մշտապես կարող է որոշակի տարբերություններ ունենալ հրապարակային հայտարարությունների հետ, սա անկասկած: Բայց այստեղ արդեն շատ բարդ է ասել, թե ինչ ծավալի ու աստիճանի կարող են լինել տարբերություններն ու հրապարակային հռետորաբանության համեմատ իրական գործողությունները:

Հ.Գ. ի դեպ, թերեւս ուշադրության արժանի է նաեւ այն, որ հայտարարությունը հանրայնացվում է Հաագայի դատական վճռին զուգահեռ: