Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Թող գա նամակը, հասկանանք. Ալեն Սիմոնյանը՝ Մատվիենկոյին

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Թող գա նամակը, հասկանանք. Ալեն Սիմոնյանը՝ Մատվիենկոյին
Քաղաքականություն
16:19, 25 апрель 2024
Իրենց համար երևի անակնկալ է, որ ՀՀ-ում ընտրված իշխանություն կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հայտարարությանը՝ կապված իր ելույթի հետ:

Լրագրողի դիտարկմանը, թե Մատիենկոյին հետաքրքրում է այն, որ Ալեն Սիմոնյանը վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Կիպրոսի տարածքային ամբողջականությունը, ո՞ւմ անունից է նման սյուժեներ հնչեցնում, ԱԺ նախագահն արձագանքեց. «Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի և Կիպրոսի տարածքային ամբողջականությունը չի՞ ճանաչում: Կա՞ նոր բան: Այդ ի՞նչ նոր բան եմ ասել, ուղղակի մի տեղ եմ հավաքել ու մի տեղում եմ ասել: Նույնիսկ Բելառուսը չի ճանաչել այն տարածքները, որը Ռուսաստանն անվանում է իր տարածքի նոր մաս: Թուրքիա՛ն չի ճանաչել: Բա ինչո՞ւ տիկին Մատվիենկոն Թուրքիայի նախագահին չի ասում՝ բա Ղրի՞մը: Ի դեպ, Թուրքիայի նախագահը, մշտապես ասելով դա՝ հատուկ ընդգծում է, որ Ղրիմն էլ չի ճանաչում։ Ուզում եմ հասկանալ՝ ուժերը մեզ վրա է պատո՞ւմ։

Ուղղակի խնդիրն այն է, որ իրենք չեն ընկալում, որ Հայաստանը պետք է գործի որպես անկախ պետություն։ Իրենք չեն մտածում, որ Հայաստանն անկախ պետություն է: Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ»,- ասաց Սիմոնյանը: