Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ն ռուսական 200 տարվա լծից ազատագրվում է, իսկ ոռնոցներ կլսենք, թող մի քիչ էլ ոռնան

ՀՀ-ն ռուսական 200 տարվա լծից ազատագրվում է, իսկ ոռնոցներ կլսենք, թող մի քիչ էլ ոռնան
Քաղաքականություն
16:30, 25 апрель 2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի ժամանակ մեծ հիստերիա է բարձրացրել ռուսական իշխանական վերնախավում ու փորձագետների շրջանում։

Մասնավորապես, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին վրդովեցրել է այն, որ իր ելույթի ժամանակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Երևանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։  Վալենտինա Մատվիենկոն նշել է նաև, թե «արդեն բոլոր կարմիր գծերն անցել է», և սենատորներին հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ օրենսդիր մարմնի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների պատճառով, և հույս է հայտնել, որ հանրապետության խորհրդարանը խոսնակին կհարցնի, թե «ո՞վ է նրան իրավունք տվել Հայաստանի անունից այդ կերպ խոսելու և նաև գնահատական տալու»։

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ, «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի հետ։
 
«Իրենք ոչ մի բան են, իրենց նախագահը պիտի ասի, որ իրենք ասեն՝ ա կամ բ։ ՀՀ-ն խորհրդարանական հանրապետություն է, և խորհրդարանի ղեկավարը մեր պետության գլխավոր դեմքերից մեկն է, կարող է՝ երկրորդն է, իսկ եթե մի քիչ խորանանք, կարող է՝ նույնիսկ առաջինը։ Մենք խորհրդարանական հանրապետություն ենք, և խորհրդարանի նախագահն իրավունք ունի նաև պետության դիրքորոշում հայտնելու։ Բայց ես իրենց առաջարկում եմ գիրք կարդալ՝ ինչ է խորհրդարանական հանրապետությունը, ինչ է կիսանախագահական հանրապետությունը և այլն։ Այդ մտածողությունը ռուսական քաղաքական մշակույթի շրջանակներում է, իրենք ոչ մի բան են, ցարը ամեն ինչ է։ Իրենք մտածում են՝ Հայաստանում էլ է այդպես։ ՀՀ-ն դեմոկրատական պետություն է, և մեր պաշտոնյաներն իրենց ունեցած լիազորությունների շրջանակներում ամեն ինչ էլ կարող են ասել»,- ասաց քաղաքագետը։ 

Բայց, քաղաքագետի խոսքով, սա չէ Մատվիենկոյի ասածի գլխավորը, այլ այն, որ նա շատ վրդովված է, որ ՀՀ-ն միջազգային իրավունքը շատ է հարգում և երևույթները դիտարկում է միջազգային իրավունքի շրջանակներում։ Ռուսաստանը որտեղ մտել է՝ Ուկրաինա է մտել, Վրաստան է մտել, մեզ է փուռը տվել, հիմա շարունակում է, և ինքը ուզում է, որ բոլորը ճանաչեն իր այդ լեգիտիմ իրավունքը՝ պետություններ, ժողովուրդներ հոշոտելու իրավունքը։ Դա իրենց իրավունքն է, որը միջազգային իրավունքի հետ կապ չունի, կապ ունի նախնադարյան մտածողության, աշխարհայացքի հետ։ Այսինքն՝ «սապոգը» իրենց ամեն ինչի հիմքն է, քաղաքականության, մտածողության և այլն։ ՀՀ-ն տարբեր տեղեր ինքնիշխան քաղաքականություն է դրսևորում, և սա Ռուսաստանի համար անհարազատ բան է, որովհետև Հայաստանի մինչհեղափոխական անցյալի «գիգանտները» Ռուսաստանին սովորեցրել են, որ Հայաստանը պետք է միշտ լինի Ռուսաստանի կցորդ, երբեք չպիտի ասի այն, ինչը հանկարծ կարող է դուր չգալ Ռուսաստանին»,- ասաց քաղաքագետը։

Վերջինս նշեց, որ ինքն էլ ՀՀ ԱԺ նախագահին և ԱԺ խորհրդարանական մեծամասնությանն առաջարկում է որևէ կերպ արձագանքել Մատվիենկոյի այդ հայտարարությանը, որպեսզի նա հասկանա, թե ինչ է ՀՀ-ն։

Խոսելով նաև ռուս փորձագետների մասին, որոնք նեղսրտել են, որ Ալեն Սիմոնյանն իր ելույթում Ռուսաստանին մեղադրել է 2020 թվականի պատերազմում Ադրբեջանի հետ գործարքի  գնալու մեջ, քաղաքագետն ասաց, որ ճիշտ է արել, որովհետև նախ դա մեղադրանք չի, դա փաստերի արձանագրում է, և մենք այդ հիմքերն ունենք Ռուսաստանին մեղադրելու, որովհետև ոչ միայն, որ, գոնե թղթով, մեր դաշնակիցն է, այլ նաև, որ իրենք միջազգային իրավունք են խախտում, իրենց ստորագրած թղթերն են խախտում և այլն։

«Ալեն Սիմոնյանը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը, մեր ժողովրդի հավաքական, ճնշող մեծամասնության տեսակետը Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ։ Բայց ես այդ ռուս էքսպերտներին առաջարկում եմ էդ իրենց տափակ-տափակ ոռնոցներից բացի, մի հատ ասեն՝ ինչո՞ւ են իրենք դաշնակցում թուրք-թաթարների հետ, մի հատ չբացատրե՞ն դա։ Իրենք թող մեզ բացատրեն, թե ինչպես է ստացվում, որ հազարամյակներ իր իսկ բնօրրանում ապրող քրիստոնյա ժողովուրդը այսօր իր տարածքում չի ապրում և չի ապրում գլխավորապես Ռուսաստանի միջնորդությամբ»,- ասաց քաղաքագետը։ 

Ի հավելումն նա նշեց, որ ՀՀ-ն իրենց 200 տարվա լծից ազատագրվում է, իսկ ոռնոցներ կլսենք, թող մի քիչ էլ ոռնան։

Լիլիթ Թադևոսյան