Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ն չի դառնալու աշխարհաքաղաքական հակամարտությունների թատերաբեմ․ Արթուր Հովհաննիսյան

«Ոչ թե խոսքով պետք է մեկնաբանել  տվյալ հայտարարությունը, այլ հողի վրա եղած իրողություններով։ Կարիք չկա, որ ես հիմա թվարկեմ ՀԱՊԿ-ի անգործությունը ՀՀ-ի սուվերեն տարածքների վրա հարձակումների ժամանակ։ Այս ֆոնին ասել, որ այլընտրանք չկա ՀԱՊԿ-ի կառուցակարգերին, ապա կարծում եմ, որ հողի վրա այդպես չէ, որովհետև մինչև հիմա չենք տեսել ՀԱՊԿ-ի գործողությունները, որոնք ենթադրում են ՀՀ սուվերեն տարածքի պաշտպանություն։ Փորձը ցույց է տվել, որ այլընտրանք կա, ու դա ՀՀ զինված ուժերն են, և մենք նաև տարբեր միջազգային գործընկերների հետ մեխանիզմներ ենք ստեղծել հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելության տեսքով, որպեսզի առնվազն նվազեցնենք էսկալացիայի ռիսկը, և ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը նվազեցրել է ռիսկը»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարարի հայտարարությանը, թե ՀՀ անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ի մեխանիզմներին տեսանելի այլընտրանք չկա։ 

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Սերդյուկովի հայտարարությանը, ըստ որի՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ռազմական անվտանգությանը սպառնացող հիմնական աղբյուրը շարունակում է մնալ ԱՄՆ-ի և Արևմուտքի երկրների ապակառուցողական գործունեությունը, Հովհաննիսյանը ասաց. «Խորհուրդ կտամ իրենց արտաքին քաղաքական խոսակցության կամ ասելիքի մեջ ՀՀ-ն չօգտագործեն որպես ինչ-որ գործոն, որտեղ նրանք կարդարացնեն իրենց գործողությունները կամ կփորձեն երրորդ կողմին մեղադրանքներ հնչեցնել։ ՀՀ-ն չի դառնալու աշխարհաքաղաքական հակամարտությունների թատերաբեմ»։

Ինչ վերաբերում է  Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությանը, Հովհաննիսյանը ասաց. «Մենք գտնում ենք, որ ՀՀ-ում պետք է լինի Սահմանադրություն, որի հետ բոլորը պետք է հաշտ լինեն և այդտեղ գրված նախադասությունները բոլորը կկիսեն և առաջին հերթին այն նախադասությունները, որոնք վերաբերում են մեր պետության ռազմավարությանը և նպատակներին։ Երբ որ դու տեսնում ես, որ պետության Մայր օրենքում դրված է այլ պետության տարածքի վերամիավորում քո տարածքին, սա ընկալումների ու իրավական առումով խնդիրներ է առաջացնում և խաղաթուղթ է տալիս Ալիևին, որպեսզի կարողանա նման հայտարարություններով հանդես գալ»։ 

Հովհաննիսյանի խոսքով՝ բանակցային գործընթացի արդյունավետության առումով խնդիրներ կան. «Գործ ունենք բռնապետի հետ, որը խնդիրները լուծում է  ուժի կիրառմամբ, և որն ունի ռազմական մեծ ներուժ ու տարբեր բռնապետական պետությունների աջակցությունը, ու պետք է հաշվի առնենք այս իրողությունները և չընկրկենք, մեր կարմիր գծերից հետ չկանգնենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։