Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանադրություն փոխելու է ժողովուրդը, ինքս պայքարելու եմ, որ մեկ քվե չկեղծվի․ Գևորգ Պապոյան

Սահմանադրություն փոխելու է ժողովուրդը, ինքս պայքարելու եմ, որ մեկ քվե չկեղծվի․ Գևորգ Պապոյան
Քաղաքականություն
15:10, 19 февраль 2024
Սահմանադրություն փոխելու է ժողովուրդը, ու ինքս պայքարելու եմ, որ մեկ քվե չկեղծվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
 
Դիտարկմանը, որ Ադրբեջանից կրկին ՀՀ Սահմանադրությունը փոխելու հետ կապված հայտարարություններ են արվում, Պապոյանն ասաց, որ դա Հայաստանի ներքին գործն է։
 
«Բազմիցս ասել ենք՝ կփոխենք ՀՀ Սահմանադրությունը, թե ոչ, մեր ներքին գործն է։ Սահմանադրական փոփոխություն անելու հստակ սուբյեկտներ կան, որոնք ինչ-որ դեպքերում կարող են այդ փոփոխությունները անել, և ժողովուրդը կուզի կփոխի, չի ուզի չի փոխի։
 
Այդ հարցը որևէ կապ չի կարող ունենալ որևէ երկրի պահանջների հետ, ՀՀ-ում սահմանադրություն փոխելու է ժողովուրդը։ Եթե սահմանադրության մեջ կլինի այնպիսի բան, որի հետ ժողովուրդը խնդիր ունի, ժողովուրդը կողմ չի քվեարկի։ Այստեղ կարևոր է, որ 2018թ-ից հետո ՀՀ-ում ընտրություններ չեն կեղծվել ու չեն կեղծվելու, եթե սահմանադրությունը ընդունվի, բոլորս պետք է հաշտ լինենք դրա հետ ու անթույլատրերի է, որ մեկ քվե կեղծվի, ես ինքս պայքարելու եմ դրա համար»,- ասաց Գևորգ Պապոյանը։