Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկու հարց կա, որտեղ կողմերի պատկերացումները հեռու են միմյանցից․ ԱԳ նախարարը՝ խաղաղության պայմանագրի տեքստի չհամաձայնեցված կետերի մասին

Երկու հարց կա, որտեղ կողմերի պատկերացումները հեռու են միմյանցից․ ԱԳ նախարարը՝ խաղաղության պայմանագրի տեքստի չհամաձայնեցված կետերի մասին
Քաղաքականություն
23:47, 06 апрель 2024
Մենք իսկապես պատմական հնարավորություն ունենք Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղություն հաստատել, ՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին եւ բոլոր բանակցություններում կառուցողական է մոտենում բոլոր հարցերին։ Այս մասին Հ1-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Խաղաղության պայմանագրի կնքման կոնկրետ բանակցություններում մենք մի շարք փոխադարձ համաձայնությունների եկել ենք։ Ցավոք, երկու հարց կա, որտեղ կողմերի պատկերացումները հեռու են միմյանցից։ Առաջինը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը եւ հետագա սահմանազատման գործընթացին։ Եւ էլի պիտի խոսեմ Ալմա-Աթայի հռչակագրի մասին»,-հայտարարեց Միրզոյանը։

Դիտարկմանը՝ երբ ԱՄՆ պետքարտոուղար Բլինքենն օրերս զանգահարել էր Ալիեւին, նա ասել էր, որ հավատարիմ է Ալմա- Աթայի հռչակագրին՝ Միրզոյանն արձագանքեց․ «Այո, մինչ այդ, արդեն երեք-չորս անգամ վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիեւի, այլ դեպքերում՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլերի, ՌԴ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումների արդյունքում եղել են հայտարարություններ, որտեղ կողմերը վերահաստատել են միմանց տարածքային ամբողջականության ճանաչումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Եվ պայմանավորվել են, որ սահմանազատումը կրկին տեղի է ունենալու համահունչ այդ հռչակագրին։ Այն է, ըստ էության, երկու երկրների միջեւ Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանների վերարտադրությունը գետնի վրա։ Այո, ճիշտ հիշատակեցիք, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ ունեցած խոսակցության ընթացքում նաեւ ադրբեջանական կողմի մամլո հաղորդագրության մեջ կար Ադրբեջանի հավատարմությունը սույն հռչակագրին։ Եվ ինձ համար եւս տարօրինակ է, որ երբ մենք փորձում ենք այս պայմանավորվածությունը արտացոլել, հղում անել Ալմա-Աթայի հռչակագրին խաղաղության պայմանագրի տեքստում՝ տարածքային ամբողջականության, սահմանազատման համատեքստում, տեսնում ենք Ադրբեջանի դժկամությունը։ Հուսանք, որ կկարողանանք առաջիկայում ավելի մեծ ու ամուր փոխըմբռնմում ձեռք բերել այս հարցում»։