Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ վարչապետը ներկայացրեց «Իրական Հայաստանի» զարգացման տեսլականը

Ուղիղ 6 տարի առաջ մեր քաղաքական թիմը և ես ստանձնեցինք ՀՀ կառավարումը: Այդ պահից մեզ համար առաջնային խնդիր ենք համարել այն օրակարգի սպասարկումը, որը մեր իրականության մեջ ընդունված է անվանել «համազգային նպատակներ»: Այդ մասին մայիսի 7-ին հրավիրված ասուլիսի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ այդ օրակարգի լիաթոք սպասարկման գործընթացը բացահայտել է հայեցակարգային և գործնական մի շարք խնդիրներ, որոնք առարկայացել են առավելապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ և դրանից հետո: Ամբողջ ընթացքում մենք կարևոր ենք համարել հիշատակված խնդիրների ախտորոշումը՝ դրանց լուծումը համարելով կենսական:

«Այդ ամենին գործնականորեն առնչվելու ընթացքը մեզ համար բացահայտել է խնդիրների մի մասի ոչ միայն անլուծելիություն, այլև դրանց անհամատեղելիությունն անկախության, ինքնիշխանության, պետականության գաղափարների և պրակտիկայի հետ:
Ավելին՝ որոշ օրակարգեր ի ցույց են դրել կանխորոշված փակուղային լինելը, որոնց հավանական խորքային նպատակը մեր երկրի կայացումն ու զարգացումը թույլ չտալն է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, պետականության ռազմավարական թիրախավորմամբ»,- ասաց նա:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս եզրահանգումներն առաջ են բերում ՀՀ-ում զարգացման ռազմավարական տեսլականի վերանայման անհրաժեշտություն:

«Այս անհրաժեշտությունից է բխում իրական Հայաստանի տեսլականը, որի մասին խոսել եմ ՀՀ կառավարության՝ 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2023 թվականի զեկույցը ԱԺ-ում  ներկայացնելիս»,- ասաց վարչապետը:

«Վերջին շրջանում ես խոսել եմ այդ մասին, որ Հայաստանում ինչպես եղել, այնպես էլ շարունակում է լինել արդարության պահանջարկը, արդարության կարիքը, բայց շատ կարևոր է նաև, որ ՀՀ քաղաքացին ինքը լինի արդարության ստանդարտի հեղինակը, ստեղծողը, աղբյուրը: Սա մի խոսակցություն է, որը մենք հետագայում կշարունակենք»,- ասաց վարչապետը:
Նա անդրադարձավ նաև տնտեսական կարգին: «Տնտեսական կարգը մենք պատկերացնում ենք աշխատանքի և գործարար ազատության վրա հիմնված սոցիալական արդարություն: ՀՀ-ում յուրաքանչյուր ոք աշխատելու, իր աշխատանքային ընդունակություններն իրացնելու և իր սոցիալական կարգավիճակը որոշելու հնարավորություն պետք է ունենա: Շատ կարևոր է արձանագրել, որ աշխատանքի վրա պետք է հիմնված լինի սոցիալական արդարությունը: Այսինքն՝ մենք յուրաքանչյուրին պետք է հնարավորություն տանք, որ ինքը իր սոցիալական նշաձողը զբաղեցնի իր օբյեկտիվ ընդունակությունների լիարժեք արտահայտման միջոցով: Նա, ով իր աշխատանքով կարող է դառնալ մեծահարուստ, դառնա մեծահարուստ, ով կարող է լինել միջին խավ, լինի միջին խավ: Իհարկե, կլինեն մարդիկ, որ կունենան շարունակական սոցիալական աջակցության կարիք, դա նույնպես մտնում է սոցիալական արդարության տրամաբանության մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: