Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիրանցում ոչինչ չկարողացան անել, հիմա գալիս են Երևան տեսնեն՝ այստեղ ինչ կարող են անել. Գիտենք՝ ինչ խումբ են

Կիրանցում ոչինչ չկարողացան անել, հիմա գալիս են Երևան տեսնեն՝ այստեղ ինչ կարող են անել. Գիտենք՝ ինչ խումբ են
Քաղաքականություն
09:00, 09 май 2024
«Կիրանցում միակ բանը, որ մնում է, կամրջի խնդիրն է։ Ես չգիտեմ, թե դա ինչ ճանապարհով պիտի լուծեն, որովհետև այդ կամուրջը Հայաստանի գյուղի մեջ է մտնում, Հայաստանի մայրուղին է, բայց մի փոքր կտորը տրվել է Ադրբեջանին՝ ըստ Խորհրդային Միության որոշման»,- Civic.am-ի հետ զրույցում խոսելով Կիրանցում տեղի ունեցող սահմանազատման մասին՝ ասաց քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը։ 

Նա նշեց, որ լավ կլիներ՝ գոնե կամուրջն ընկներ հայկական տարածքի մեջ, քանի որ կամրջի  ադրբեջանական ոչ մի շինություն չկա, ադրբեջանական Խեյրմլին կամրջի մի կողմում է, հայկական գյուղը՝ այս մի կողմում։ Քարտեզագետը այլընտրանք է համարում այդ կամրջի ներքևում կես կիլոմետր դեպի հարավ մեկ այլ կամրջի կառուցումը, և բնականաբար կառաջանա նաև մեկ այլ ճանապարհ կառուցելու հարց։  

Խոսելով Ոսկեպարի եկեղեցու մասին, որի շուրջ բազմաթիվ քննարկումներ էին ծավալվում, թե՝ սահմանազատման արդյունքում այն կմնա ադրբեջանական տարածքում, քարտեզագետն ասաց, որ Ոսկեպարի եկեղեցին դեռևս 88 թվականից սկսած Հայաստանի տարածքի մեջ է եղել, բայց հեռու չի սահմանից։  

«Իսկ եկեղեցու մասին տարածվողը ապատեղեկատվություն է, դրանք պարզապես ընդդիմության շինծու խոսքերն են, որ իբրև թե մեր հայկական գյուղերն են տալիս Ադրբեջանին. այդ չորսը հայկական գյուղեր չեն, դրանք ադրբեջանական գյուղեր են: 1992 թվականին, որպեսզի մեր ճանապարհներն անվտանգ լինեն, մենք դրանց վերահսկողությունը վերցրինք մեր ձեռքը, քանի որ այնտեղից գնդակոծում էին մեր ճանապարհները։ Այդ ճանապարհն է խնդիրը։ Հիմա եթե Կիրանցի խնդիրը լուծվում է, մնում է մի երեք տեղ՝ Ոսկեպարից դեպի Նոյեմբերյան գնացող մայրուղին, որը քանի տեղ մտնում է Ադրբեջանի տարածք, դուրս է գալիս։ Եթե դա էլ կարողանան այդպես լուծել, և այդ մտած տարածքները գոնե Հայաստանին տրվեն, և դրան համարժեք հողամաս տրվի Ադրբեջանին, այդտեղ էլ խնդիրը կլուծվի»,- ասաց քարտեզագետը։

Միևնույն ժամանակ քարտեզագետը նշեց, որ Ադրբեջանը շատ համաձայն չէ խնդիրը լուծելուն, նրանց ցանկությունը խնդիրներ առաջացնելն է։ 

Նա նաև նկատեց, որ հանգիստ պայմաններում ժողովուրդներն իրար հետ խնդիր չունեն, իշխանություններն են, որ իրենց տեղն ամրապնդելու համար ժողովուրդներին թշնամացնում են միմյանց հետ։  

Խոսելով նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ Կիրանցում սկսած նախաձեռնության մասին՝ քարտեզագետն ասաց. «Ինչպես Բագրատը հայտարարեց՝ որտեղ մեր զինվորը կանգնած է, մեր տարածքն է։ Եթե այդպես է, ուրեմն  Տավուշի շրջանում էլ մեր զինվորն առաջ էր կանգնած ադրբեջանական հողի վրա մի քանի տեղ, բայց 200 քառակուսի կմ-ից ավելի նրանք էին առաջ եկած կանգնած, ուրեմն, Բագրատի ասելով, էդ մի քանի քառակուսի մետրը պահենք մեզ, հետո էն 200-ը տանք Ադրբեջանի՞ն։ Իսկ եթե եկեղեցին ընդհանրապես հետաքրքրված է ժողովրդի խնդրով, ժողովրդի բարեկեցությամբ և ամեն ինչով, ինչպե՞ս եղավ, որ երբ Արցախում համարյա ցեղասպանություն կատարվեց, եկեղեցին մեկ բառ օգնության կամ բողոքի հայտարարություն չարեց։ Էդտեղի ժողովուրդն իրենը չէ՞ր»,-  ասաց քարտեզագետը։

Նա նշեց, որ իրենք այս խնդրի մեջ ուզում են շահ ունենալ, մյուս տեղում շահ չկար, ուրեմն հետ քաշվեցին, նույնիսկ չբողոքեցին, երբ Ադրբեջանը 120 000 հայի դուրս հանեց իրենց բնակավայրից։

«Կիրանցում ոչինչ չկարողացան անել, հիմա գալիս են Երևան տեսնեն՝ այստեղ ինչ կարող են անել։ Գիտենք՝ ինչ խումբ են դրանք։ Նախկին իշխանությունները վերականգնելու համար է այդ բոլորը»,- ասաց քարտեզագետը։
 
 Լիլիթ Թադևոսյան