Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոխանակ իշխանությունների հետ նստեն տարբերակ գտնեն՝ ճանապարհ են փակում, ինչի՞ն են օգնում՝ ոչնչին. քարտեզագետ

Փոխանակ իշխանությունների հետ նստեն տարբերակ գտնեն՝ ճանապարհ են փակում, ինչի՞ն են օգնում՝ ոչնչին. քարտեզագետ
Քաղաքականություն
14:30, 22 апрель 2024
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում հանձնաժողովները պայմանավորվել են ներքոնշյալի շուրջ. Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) - Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) - Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) - Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) - Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի հետ։  

«Այդ գյուղերը, ըստ 1991 թվականի սահմանների, գտնվում էին Ադրբեջանի տարածքում։ Իսկ ինչո՞ւ են այդ գյուղերը ժամանակին Հայաստանի կողմից գրավվել՝ դա արդեն այլ խնդիր է։ Հայաստանը դրանք գրավել է, քանի որ այդ ընթացքում պատերազմը սկսվեց, և քանի որ հայկական մայրուղին Իջևանից դեպի Նոյեմբերյան-Թբիլիսի անցնում է նրանց ճանապարհով, այդ գյուղերի մոտից ադրբեջանցի զինվորները կրակում էին հայկական ավտոմեքենաների, բեռնատարների վրա, որոնք անցնում էին Հայաստանի ներքին ճանապարհով։ Այնտեղ բավականին մեծ թվով մարդիկ են սպանվել: Մերոնք որոշեցին, որ այդ ճանապարհի կողքով անցնող գյուղերի մի մասը պետք է գրավենք, որպեսզի չթողնենք, որ այդ ճանապարհը գնդակոծվի,  և ճանապարհը լինի ապահով մեր երթևեկի համար։ Դրա համար էդ մասը մենք վերցրել ենք, հիմա Ադրբեջանն ասում է՝ դրանք պետք է հետ տաք»,- ասաց քարտեզագետը։
Ռուբեն Գալիչյանի խոսքով՝ մենք պետք է ճանապարհ գտնենք կամ, ինչպես հայտարարության մեջ ասված է, եթե Ոսկեպարի ճանապարհը խնդիրներ ունենա, այդ մասը չի սահմանազատվի, և ժողովորդն այդ ճանապարհը կգործածի, քանի որ բացի այն բանից, որ ճանապարհը Ադրբեջանի սահմանին շատ մոտ է, այն մի քանի անգամ մտնում է Ադրբեջանի տարածք, դուրս է գալիս, և այդ շրջանը մերոնք գրավել են, որպեսզի մեր տարածքով անցնի և ապահով լինի։

Ռուբեն Գալիչյանը նաև նշեց, որ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրով այդ ճանապարհն Ադրբեջանով է անցնում այդտեղ, և Ադրբեջանը համաձայնել է սահմանազատումը սկսել Տավուշի հատվածում, բայց կհամաձայնե՞ն ամբողջ սահմանի հատվածում անել, օրինակ՝ Գեղարքունիքի հատվածում, Սյունիքում, Վայոց ձորում, էդ շրջաններում նրանց գրաված բարձունքները, որ 210 քառակուսի կիլոմետր են մոտավորապես. եթե համաձայնում են 1991 թվականի քարտեզներով անել, ապա այդ բոլոր տարածքներից պետք է հեռանան և վերադարձնեն Հայաստանին այդ տարածքները։ Ի հավելումն քարտեզագետն ասաց, որ չի կարելի Տավուշում ընդունել քարտեզները, իսկ օրինակ՝ հարավում չընդունել։

«Հայկական մայրուղին, որը Իջևանից գնում է դեպի Թբիլիսի, մի քանի տեղ Ոսկեպարի մոտ անցնում է ադրբեջանական տարածքով. եթե Ադրբեջանն այդ ճանապարհը փակի, այն այլևս չի աշխատի։ Առայժմ այդ ճանապարհը մեր ձեռքին է, և մենք ճանապարհն աշխատեցնում ենք։ Իսկ հայտարարության մեջ հատուկ նշված է, որ եթե Ոսկեպարի ճանապարհի վրա մի խնդիր առաջանա, այդ ճանապարհը չի սահմանազատվի։ Իմ պատկերացմամբ՝ այդ ճանապարհը մենք կպահենք մեզ և որոշ տարածք, որ ճանապարհի շուրջն է, մենք կվերցնենք և չենք վերադարձնի Ադրբեջանին, քանի որ իրենց տարածքը չի կարող մտնել ճանապարհի մեջ. դա միջազգային նորմի խախտում է»,- ասաց քարտեզագետը։   

Խոսելով նաև Կիրանցի ճանապարհը փակած մարդկանց մասին՝ Ռուբեն Գալիչյանն ասաց, որ իրենք ասում են, թե չեն ընդունում, բայց ինչ են առաջարկում՝ չգիտեն, ոչ ոք առաջարկ չունի, թե ինչ լուծում տան, պարզապես հակառակվում են։  
 
«Փոխանակ իշխանությունների հետ նստեն, ասեն՝ գտնում ենք, որ այս ճանապարհը ճիշտ չէ, եկեք տարբերակ գտնենք, այսպես անենք՝ ճանապարհ են փակում. դա անելու բան չէ։ Այսպիսով ոչ մի խնդիր չես լուծում։ Գոնե մենք մեր ներսում պետք է համաձայնություն ունենանք՝ ինչն է ճիշտ, ինչն է սխալ, հետո դա ներկայացնենք Ադրբեջանին, իսկ մերոնք ճանապարհ են փակում: Ի՞նչ է նշանակում ճանապարհ փակել, ինչի՞ն է օգնում՝ ոչնչին, միայն Ադրբեջանն այնտեղ հիանում է, որ Հայաստանի ներսում խռովություններ են սկսվել»,- եզրափակեց քարտեզագետը։
 
Լիլիթ Թադևոսյան

Լուսանկարը` «Հետք»-ից