Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բոլորդ խոսում եք անձեռնմխելիությունից. Մեկդ կասի՞, որ X մարդը հանցագործություն չի կատարել. Վլադիմիր Վարդանյան

«Եթե փորձենք վերլուծել քննարկումը, քննարկման 85 տոկոսը նվիրված է եղել այն հարցերին, որոնք այս դատավորներին չեն առնչվում: Այսպե՞ս ենք մեր դրսևորում հարգանքը դատական իշխանության նկատմամբ: Դատական իշխանության նկատմամբ հարգանքը պետք է դրսևորել նաև ԱԺ դահլիճում»,- հայտարարեց ԱԺ պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և հավելեց, որ ինքը չի սահմանափակում որևէ մեկի՝ հարցեր տալու սահմանադրական իրավունքը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ սահմանափակվեց Գագիկ Ջհանգիրյանով, Գագիկ Ջհանգիրյանի ինտերվյուներով: 

«Բոլորդ խոսում եք անձեռնմխելիությունից, մեկդ կխոսի՞ մեղքից: Մեկդ կասի՞, թե ես չեմ ուզում էդ անձեռնմխելիությունը, ես չեմ կատարել նման արարք, այստեղ հանցակազմը բացակայում է: Մեկդ չի ասում՝ X մարդը հանցագործություն չի կատարել»,- ընդգծեց Վլադիմիր Վարդանյանը:

Նա հավելեց, որ ինքը ծանոթ է բոլոր 3 թեկնածուներին, և շատ դժվար ընտրության առջև են կանգնած:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և Վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները: