Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարևներ կփոխանցեք ձեզ հուշողին. գիտեմ՝ որտեղից են այդ հարցերը ծնվում. Վլադիմիր Վարդանյանը՝ Ագնեսա Խամոյանին

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է 8-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պետական և իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Վլադիմիր Վարդանյանը:

«Ես Գագիկ Հարությունյանի հետ, այո, անցել եմ բավականին երկար ուղի, և մի մոռացեք, որ նա եղել է ՀՀ հիմնադիր հայրերից մեկը: Ես շատ շնորհակալ եմ այն փորձի համար, որ ստացել եմ նրանից: Իսկ ինչ վերաբերում է բարոյական կողմին, բարոյական կողմը, իմ կարծիքով, դուք չէ, որ պետք է գնահատեք: Ես մշտապես եղել եմ, կամ և մնալու եմ սահմանադրական արդարադատության պաշտպան»,- ի պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցի ասաց Վլադիմիր Վարդանյանը և հավելեց, որ ՍԴ դատավորի աթոռին սոսկ նստելը մարդուն դեռևս չի վերածում դատավորի: 

Խամոյանի հարցին, թե արդյոք թեկնածուն է՞լ է համագործակցել ԱԱԾ-ի հետ հանուն հայրենիքի, Վարդանյանը պատասխանեց. «Նախ բարևներ և շնորհակալություն կփոխանցեք ձեզ հուշողին. գիտեմ՝  որտեղից են այդ հարցերը ծնվում: ԱԱԾ-ի հետ առաջին անգամ առնչվել եմ այստեղ՝ այս շենքում, երբ որ լրացրել եմ պետական գաղտնիքի համապատասխան թույլտվության հետ կապված փաստաթղթերը: Նույնիսկ Նալբանդյան փողոցի այդ մայթով քայլած չկամ: Եվ ճիշտ կլինի ձեր ընկերներին հարցնեք, թե ով ինչքան ժամանակ որ երկրներում է անցկացրել և որ գործակալների հետ ինչքան քննարկումներ է ծավալել: Ես հասկանում եմ ձեզ. էլ բան չկա հարցնելու, դրան պիտի կպնեք: Չէ, չեմ համագործակցել»: