Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխարհը հավաստիացրեց՝ ԼՂ խնդիրը լուծված չէ. ԱԳ նախարարը՝ նյույորքյան հանդիպումների մասին

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում  ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարանի հարցը դարձյալ ուղղված էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և վերաբերում էր նրա նյույորքյան հանդիպումներին:

«Այդ հանդիպումները շատ լավ առիթ էին մանրամասն ներկայացնելու տարածաշրջանում տիրող  բոլոր նրբերանգներն ու խոսել հումանիտար հարցերից, որ մնացել են Ադրբեջանի ագրեսիայից հետո և լուծում չեն ստացել»,- նշեց ԱԳ նախարարը և ընդգծեց, որ դա միջազգային հանրության և աշխարհի կողմից ևս մի հավաստիացում էր, որ ԼՂ խնդիրը լուծված չէ, և դրա լուծման փնտրտուքը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

Նա նշեց, որ նորից հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել. «Գերիների վերադարձի և այլ հումանիտար խնդիրների լուծումը Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման վկայությունը կլինի, և կստեղծվի այնպիսի մթնոլորտ, որի ժամանակ կարող ենք ժամանակի ընթացքում ամենակարևոր հարցերը քննարկել»:

ԱԳ նախարարն առաջարկեց հատուկ ուշադրություն դարձնել համանախագահների հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումներին. «Թերևս ամեն ինչ դրանով ասված է»: