Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի ԱԳ նախարարի հետ փաստել ենք, որ չկա և չի կարող լինել «Զանգեզուրի միջանցք» թեմա. Արարատ Միրզոյանը՝ Մարիա Կարապետյանին

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում  ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցն ուղղված էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և նրա Իրան կատարած այցին:

ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ Իրանի ԱԳ նախարարի հետ լավ, գործընկերային հարաբերություններ են ձևավորվել այդ պաշտոնում իր նշանակման գրեթե առաջին իսկ օրվանից. «Այս այցը շատ լավ առիթ էր քննարկելու մեր երկկողմ հարաբերություններում առկա բոլոր հարցերը: Խոսել ենք և իրականացված, և իրականացվող, և ապագա ծրագրերի մասին. դա բարձրավոլտի կառուցման ծրագիրն է, գազի և էլէներգիայի փոխանակման ժամկետի ընդլայնման վերաբերյալ պայմանագրի կնքումը և Մեղրիի ՀԷԿ-ի վերաբերյալ բանակցությունը, քննարկել ենք նաև տրանսպորտային ուղիների հետ կապված լուրջ ծրագրեր, այդ թվում՝ իրանական ընկերությունների ներգրավմամբ»:

«Ուզում եմ ողջունել ԻԻՀ դիրքորոշումը մեր սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ և այն բոլոր ազդակները, որ ստանում ենք այս առնչությամբ: Խոսել ենք նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի, կամ ավելի շուտ՝ դրա բացակայության վերաբերյալ, փաստել ենք, որ չկա և չի կարող լինել այդպիսի թեմա»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ Իրանը լուրջ, գլոբալ տարածաշրջանային դերակատարություն ունի: