Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Վանեցյանն իմ միջոցով փորձում է ուշադրությունը շեղել իրենից, Սերժ Սարգսյանից ու Ռոբերտ Քոչարյանից. Արսեն Խառատյան

Արթուր Վանեցյանն իմ միջոցով փորձում է ուշադրությունը շեղել իրենից, Սերժ Սարգսյանից ու Ռոբերտ Քոչարյանից. Արսեն Խառատյան
Քաղաքականություն
21:36, 07 октябрь 2021
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

ՀՀ Ազգային ժողովում նախօրեին կրկին խոսակցություն էր ծավալվել Արթուր Վանեցյանի` ադրբեջանցիների հետ Նիկոլ Փաշինյանի կապավորը լինելու մասին: Հարցին անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հայտարարություններ արեց, այդ թվում, թե` եթե Վանեցյանն ինչ-ինչ պայմանավորվածություններ է ունեցել իրեն այդ մասին չի զեկուցել, ինչպես նաեւ ասաց, թե այս հարցով ՀՀ ԱԱԾ-ն պետք է զբաղվի հարցը տվող ընդդիմադիր պատգամավորով ու նրա տերերով: 

Արդեն այսօր, վանեցյան-սարգսյան-քոչարյանամերձ «լրագրող-մամուլի միջոցները» սլաքներն իրենց տերերի վրայից շեղելու համար կրկին իմ անունն են սկսել շրջանառել: Ադրբեջանական կայքերի կեղծ տեղեկությունների վրա հղվելով կրկին ինձ են վերագրում բաներ որոնք որեւէ աղերս չունեն իրականության հետ: Ինչպես ասել եմ նախկինում, կրկնում եմ հիմա` ես որեւէ ադրբեջանցու հետ որեւէ երկրում, որեւէ գաղտնի հանդիպում չեմ ունեցել, որեւէ բան չեմ պայմանավորվել ինչպես այն կարճ ժամանակահատվածում, երբ աշխատել եմ որպես վարչապետի խորհրդական, այնպես էլ դրանից հետո:

Թե ովքեր, ինչ հանդիպումներ ու պայմանավորվածություններ են ունեցել ադրբեջանցիների հետ հանրությանը հայտնի է: Այսպես, հենց նախորդ շաբաթ Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ հիշեցրեց 7 շրջանների դիմաց Ադրբեջանի կողմից 2016-ին եւ 2018-ին Հայաստանի գործող եւ նախկին իշխանություններին առաջարկված 5 միլիարդ դոլարի պատմության մասին: Քոչարյանը հիմնավոր կասկած ունի, որ խոսակցությունները 5 միլիարդի մասին դատարկ խոսակցություն չեն, նման առաջարկ եղել է, նման ձայնագրություն հնչել է:

2020-ի դեկտեմբերի 15-ին, Հայաստանի երրորդ նախագահի փեսան` Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը, Ֆեյսբուքում գրառում էր արել, ըստ որի` 2018-ի հոկտեմբերին Արթուր Վանեցյանը, լինելով ԱԱԾ ղեկավար, Դուբայում հանդիպել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարի հետ: Վերջինս փակ ծրարով փոխանցել է առաջարկ Հայաստանի վարչապետին, որպեսզի 7 շրջանները հանձնվեն Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի դիմաց:

Վանեցյանն այս փաստը չի հերքել, նշելով, որ` որպես ԱԱԾ տնօրեն, ի պաշտոնե ապահովել է Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահի, այսպես կոչված, օպերատիվ կապը, այդ թվում` Դուբայ քաղաքում: Վանեցյանն ավելացրել է նաեւ, թե` կոռեկտ չի համարում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացված տեղեկությունները հրապարակայնացնել: «Ես կորոշեմ` երբ, ինչ ծավալով եւ ինչ պայմաններում կհրապարակայնացնեմ այն տվյալները, որ ինձ հայտնի են դարձել առհասարակ»:

Սրանք են այն մարդիկ, որոնք ադրբեջանցիների հետ խոսել ու «բանակցել» են ինչ-որ հարցերի շուրջ, իրենք էլ թող պատասխանեն, թե` երբ ու ինչի մասին են պայմանավորվել: Ավելին, այս գրառմամբ նաեւ կոչ եմ անում արդեն քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանին օգտագործել պատգամավորի իր կարգավիճակն ու Հայաստանի ամենաբարձր` Ազգային ժողովի ամբիոնից հրապարակայնացնել ադրբեջանցիների հետ հաղորդակցության հետ կապված իր ունեցած բոլոր տեղեկությունները: 

Հ.Գ. Տարածվող ստերի մեջ, նաեւ կրկին հիշատակվում է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված գործին` իբր իմ որեւէ կապ ունենալու կեղծ տեղեկությունը: Մեկ անգամ եւս պաշտոնապես հայտարարում եմ, ես որեւէ կապ չեմ ունեցել Խաչատուրովի վերաբերյալ որոշման հետ, ավելին` այդ մասին իմացել եմ նրա վերաբերյալ դատարանի որոշումից հետո: