Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայրենիքի փրկության շարժումը» ավելի արագ է կազմաքանդվում, քան կարելի էր սպասել

«Հայրենիքի փրկության շարժումը» ավելի արագ է կազմաքանդվում, քան կարելի էր սպասել
Քաղաքականություն
18:39, 18 март 2021
Չնայած «Հայրենիքի փրկության շարժումը» իր ողջ պայքարը կառուցում ու ամիսներ շարունակ պնդում էր, որ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտություններին չեն մասնակցելու և այդ օրակարգով չեն շարժվելու, շարժման անդամ կուսակցություններն արդեն իսկ հայտարարում են արտահերթ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին։ 

Սա այն դեպքում, երբ ՀՓՇ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը խայտառակություն է որակել արտահերթ ընտրությունների գնալը։ «Դա կնշանակի լեգիտիմացնել ամբողջ այս դավաճանությունը, որ մինչեւ հիմա եղել է»,-շեշտել է նա։

Այս պահին ՀՓՇ-ից արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնել են ԲՀԿ-ն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, նախկինում կտրուկ մերժող ՀՅԴ-ն պատրաստվում է քննարկել իր մասնակցության հարցը, ինչպես նաև ՀՓՇ համակիր Ռոբերտ Քոչարյանը, որի շուրջ էլ, ըստ էության, սպասվում է որոշակի համախմբում։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով Քոչարյանը կփորձի իր շուրջ համախմբել այն հատվածին, որը արմատական է տրամադրված իշխանությունների նկատմամբ, ինչպես նաև այն հատվածին, որը նախկինում որպես իշխանություններին հակակշիռ տեսել է ԲՀԿ-ն, բայց հիմա հիասթափվել է ԲՀԿ-ից.«Դա կնշանակի, որ դաշտում առկա մանր դերակատարները կամ պետք է խաղան Քոչարյանի կանոններով, կամ դուրս կմնան ընդհանուր գործընթացներից։ Բայց ամենամեծ համախմբման դեպքում ևս Քոչարյանը և այն ուժերը, որոնք կհամախմբվեն նրա շուրջ, որեւէ շանս չունեն իշխանության հայտ ներկայացնելու։ Նրանք առավելագույնը նոր պայմաններում կապահովեն քաղաքական դերակատարում»,-ընդգծեց քաղաքագետը։

Քոչարյանի հետ համախմբման հնարավորությունը չէր բացառել ներկայումս հայրենիքի փրկության շարժման ակտիվ դերակատարներից «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Սա այն պարագայում, որ շարժումը մերժում է արտահերթ ընտրությունների գաղափարը։  Վանեցյանն արդեն լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել է, որ մասնակցելու են արտահերթ ընտրություններին, բայց ինչ ձևաչափով՝ չի մանրամասնել։ Վանեցյանի ու Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը ընտրություններին, ըստ էության, ազդարարում է Հայրենիքի փրկության շարժման փլուզումը։ 

Շարժման ուժերից ՀՀԿ-ն էլ հայտարարել է գործող իշխանության կողմից կազմակերպվող ընտրություններին չմասնակցելու մասին։ Այդ մասին իր վերջին հարցազրույցի ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանը, իսկ այսօր դատարանի բակում ասաց, թե չի լքելու «քաղաքական խրամատը»։  

Չի բացառվում, որ առաջիկա օրերին ականատես կլինենք քաղաքական ապահարզանների։ 

Արփի Հարությունյան