Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի ցանկությունը դոգմա չէ․ դեմարկացիան և դելիմիտացիան պետք է ընթանան խաղաղ պայմաններում՝ առանց ճնշման գործադրման

Ռուսաստանի ցանկությունը  դոգմա չէ․ դեմարկացիան և դելիմիտացիան պետք է ընթանան խաղաղ պայմաններում՝ առանց ճնշման գործադրման
Քաղաքականություն
21:31, 25 октябрь 2021
«Ռուսաստանի ցանկությունն անթաքույց է եղել և մնում է այդպիսին՝ կոնֆլիկտների հետ կապված տարածաշրջանային գործընթացները պետք է լինեն Ռուսաստանի էքսքլյուզիվ հսկողության ներքո։ Հենց այդ շրջանակից է նաև Ռուսաստանի վերջին շրջանի ակտիվությունը՝ կապված դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ։ Բայց պետք է հասկանալ, որ Ռուսաստանի ուզածը դոգմա չէ։ Այնպես չէ, որ ամեն ինչ իր ուզելով պետք է լինի»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։
 
 Նշենք, որ անկախ պաշտոնական մակարդակով հերքումներից՝ քաղաքական դաշտը, ընդդիմությունը, մամուլը շարունակում են քննարկել ռուսական ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե նոյեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայում կարող է կայանալ Ռուսաստանի, Հայաստանի  և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի,  Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, և կողմերին սպասվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում։ 

 Հիշեցնենք, որ «Ալիք մեդիան» էլ գրել էր, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: Վկայակոչելով Հայաստանում իր դիվանագիտական աղբյուրը՝ լրատվամիջոցը նշել էր, որ երկու փաստաթղթերը, որոնք գրեթե ավարտական տեսք են ստացել, ստորագրելու են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ։ Ըստ մամուլի հրապարակումների՝ փաստաթղթերից մեկը վերաբերում է սահմանազատմանն ու սահմանագծմանը, երկրորդը՝ կոմունիկացիաների վերագործարկմանը։ Նախօրեին էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ղարաբաղի սահմանների հետ կապված իրավիճակի կարգավորումն առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ, որովհետև սահմանների խորհրդային  քարտեզները գտնվում են ՌԴ գլխավոր շտաբում։
 
 Ըստ Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ցուցաբերել են քաղաքական իմաստություն՝ դադարեցնելով արյունահեղությունը Ղարաբաղում։ «Այսօր անհրաժեշտ է պայմաններ ստեղծել երկարաժամկետ կարգավորման համար: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկու երկրներն էլ գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները: Այնուհետև տրանսպորտային երթուղիներն ու տնտեսական կապերը տարածաշրջանում կբացվեն, ինչը պայմաններ կստեղծի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի անվտանգության համար:

 Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը պետք է հստակ քայլեր անի, անի այնպիսի քայլ, որը բխում է  բացառապես իր շահերից և դրա համար Հայաստանն ունի բավարար ներուժ․«Ամենևին պետք չէ լսել, թե ուրիշները մեր վերաբերյալ ինչ են անում և ինչ են պատրաստվում անել։ Հայաստանը կարող է  հակառակվել Ռուսաստանի ցանկությանը՝ այն մասով, որ մասով, որը դա չի բխի մեր շահերից։ Վիզը դանակի տակ դնելով չէ։ Ռուսաստանի ցանկությունը  դոգմա չէ։ Աշխարհը չի սկսվում և չի վերջանում Ռուսաստանով։ Աշխարհը կլոր է»,- ասաց Մեհրաբյանը՝ հավելելով, որ կոնֆլիկտի կարգավորման շուրջ Ռուսաստանի շահագրգռվածությունը միայն հայտնի քարտեզներով չէ, որ պայմանավորված է։ Դեմարկացիյաի և դելիմիտացիայի համար քաղաքական որոշումներ են պետք, միայն քարտեզները բավարար չեն։ Եվ հետո, ըստ քաղաքագետի,  այդ գործընթացի համար գոյություն ունեն ԵԱՀԿ ռեգլամենտներ, իսկ Պուտինն իր այդ հայտարարությամբ ցանկանում էր ընդգծել, որ ԵԱՀԿ-ին անդամակցող մյուս երկրները Ռուսաստանի սրտով չեն, և ինքը գործընթացը պատրատսվում է անել միայնակ․«Բայց եթե Ռուսաստանը ցանկանում է  անել բաներ, որոնք իր շահերին դեմ են, ապա Հայաստանը պետք է պաշտպանի իր՝ որպես սուվերեն երկրի իրավունքները»,- եզրափակեց Մեհրաբյանը։
 
 Քաղաքագետ Արմեն Վարդանյանի խոսքով էլ Ռուսաստանը փորձում է սահմանազատման և սահմանագծման գործընթացը ևս վերցնել բացառապես իր ձեռքը։ Ճիշտ այնպես, ինչպես փորձում է  ղարաբաղյան հարցի լուծման գործընթացից դուրս դնել ԵԱՀԿ մյուս համանախագահող երկրներին։ «Ռուսաստանն անում է ամեն ինչ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ուրիշ խաղացողների ներգրավումը բացառելու համար։ Դեռ ամիսներ առաջ ռուս պաշտոնյաների հայտարարություններից հասկանալի էր դառնում, որ Հայաստանի վրա ճնշումներ կան, որպեսզի անցկացվի դեմարկացիա և դելիմիտացիա։ Ամիսներ առաջ, երբ հակառակորդը ներթափանցեց մեր սահման Սև լճի հատվածում, Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, բայց ՀԱՊԿ-ը չօժանդակեց՝ նշելով, որ սահմանները հստակ չեն։ Ակնհայտ է, որ այս գործընթացում Ռուսաստանի կողմից ճնշումներ կան Հայաստանի վրա»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ եթե այս գործընթացը ընթանա ուժի գործադրման, ճնշման կամ բռնության սպառնալիքի ներքո, ապա միջազգային իրավունքի տեսանկյունից նման փաստաթղթերը լեգիտիմ չեն կարող լինել։ «Դեմարկացիան և դելիմիտացիան պետք է արվեն խաղաղ պայմաններում։ Կողմերը նման դեպքերում տարիներով քննարկում, բանակցում և խնդիրը լուծում են։ Բայց Հայաստանի դեպքում, կարծես թե, փորձ է արվում արագ, հապշտապ խնդիրը լուծել, որը խոսում է ճնշման մասին: