Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեմարկացիա և դելիմիտացիա․ծուղա՞կ, թե՞ հնարավորություն. ՄԱՀՀԻ

Դեմարկացիա և դելիմիտացիա․ծուղա՞կ, թե՞ հնարավորություն. ՄԱՀՀԻ
Քաղաքականություն
19:59, 29 октябрь 2021
Արցախյան 44-օրյա աղետալի պատերազմից հետո էլ Արցախի կարգավիճակի չլուծված լինելը որպես պատերազմում հաղթող կողմ Բաքու-Անկարա տանդեմի կողմից ուժի կամ դրա սպառնալիքի տակ այդ հարցն իսպառ փակելու ռազմավարությունն ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանն ու Թուրքիան չհասան իրենց վերջնական նպատակին: Պատերազմի ավարտից անմիջապես հետո Հայաստանի համար դրա ծանրագույն հետևանքները ստեղծեցին նոր խնդիրներ ու մարտահրավերներ։ 

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից շատ չանցած՝ դեկտեմբերի կեսերից սկսվեց ադրբեջանական զորքերի սողացող առաջխաղացումն ու ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, որի ամենամասշտաբային  դրսևորումն այս տարվա մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանի խախտումն էր Սյունիքի մարզի Սև լճի տարածքում,  Գեղարքունիքի մարզում, ընդհանուր՝ Սոթք-Խոզնավար հատվածում, ինչպես նաև ադրբեջանական զորքերի տեղակայումը Գորիս-Կապան միջպետական ճանապարհին։ 
Սահմանախախտման այս ճգնաժամի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին Անվտանգության խորհրդի նիստում հանդես եկավ առաջարկությամբ, ըստ որի՝ «թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական զինված ուժերը հայելային տարբերակով 5 կիլոմետր պետք է հետ քաշվեն դեպի մշտական տեղակայման վայրեր, ենթադրվող սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող, որից հետո միջազգային հովանու ներքո տեղի են ունենում սահմանային կետերի ճշգրտման և սահմանազատման աշխատանքներ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մասնակցությամբ»։ 

Մինչ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից Ֆրանսիան, հստակ պաշտպանելով Հայաստանի դիրքորոշումը, առաջարկում էր սահմանախախտման ու նրա տարածքային ամբողջականության միջազգային պաշտպանության հարցը տեղափոխել ՄԱԿ ԱԽ, իսկ ԱՄՆ-ը կողմերին առաջարկում էր զինված ուժերը վերադարձնել ելման դիրքեր, թուլացնել լարվածությունը և սահմանազատել Հայաստան-Ադրբեջան սահմանը միջազգային ստանդարտներին համաձայն, արդեն մայիսի վերջից ակնհայտ էր, որ Ռուսաստանն առաջարկում է եռակողմ միջկառավարական հանձնաժողով, ըստ որում՝ որպես երրորդ կողմ Մոսկվայի ներգրավվածությամբ իրականացնել դելիմիտացիա և դեմարկացիա (սահմանազատում և սահմանագծում) իր ԶՈՒ ԳՇ-ում պահվող քարտեզների հիման վրա։   

Դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցն Ադրբեջանը բարձրաձայնում և պարտադրում է բոլոր միջազգային ատյաններում դեռևս 2008թ․-ից,  և հարկ է ընդգծել, որ այն բարձրացվում է առաջին հերթին հենց Արցախյան խնդրի համատեքստում։ Ադրբեջանն այդ ժամանակահատվածից սկսած խոսում է այն մասին, որ Հայաստան-Ադրբեջան սահմանը պետք է որոշվի խորհրդային սահմանների հիման վրա, և, հետևաբար, Հայաստանն Արցախի տարածքի նկատմամբ չի կարող ունենալ որևէ տիտղոսային հավակնություններ։ 2008թ. առաջին փաստաթուղթը, որն Ադրբեջանը շրջանառության մեջ դրեց իր դեսպանի կողմից, ՄԱԿ գլխավոր քարտուղարին ուղղված նամակն էր՝ կից հուշագրով։ Այն շրջանառության մեջ դրվեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում, որից ամիսներ հետո ընդունվեց Գլխավոր Ասամբլեայի բանաձևը, որի օգտին քվեարկեցին բավական մեծ թվով մահմեդական երկրներ՝ Արցախը որակելով որպես օկուպացված/գրավյալ տարածք։ 

Այսօր Ադրբեջանը խոսում է «համապարփակ փաստաթղթի», այլ ոչ թե պարզապես դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին․ հասկանալի է, որ Ադրբեջանի համար դելիմիտացիան իր մեծ պլանների մի  փոքր մասն է։ Այս հարցում նրան անվերապահորեն զորակցում է Թուրքիան՝ Հայաստանին ուղղված «փաթեթային լուծման» գնալու պարբերական հորդորների տեսքով, ինչից հետո Հայաստանը ստիպված կլինի հրաժարվել Արցախի կարգավիճակի հարցի բարձրացումից և այն  կճանաչի Ադրբեջանի մաս։ 
 
 
Սահմանազատման խնդրի համատեքստում կարևոր ենք համարում առանձնացնել մի քանի կարևոր դիտանկյուններ և տեսանելի ռիսկերն ու հնարավորությունները։ 

 
 
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՏԱՆԿՅՈՒՆ․ ՌԻՍԿԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
Հասկանալի է, որ խոսքը սահմանազատման սոսկ տեխնիկական հարցի ու գործընթացի մասին չէ, առավել ևս՝ թե՛ Երևանի, թե՛ Բաքվի, թե՛ Ստեփանակերտի համար Արցախի հարցի ու կարգավիճակի մեծ անորոշության պայմաններում։

Ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները բավականին պարզ ցույց են տալիս Ալիևի նվազագույն և առավելագույն նպատակները։ Առավելագույն նպատակը, իհարկե, տեղավորվում է «հաղթողը ստանում է ամեն ինչ» ուժային ռազմավարության տրամաբանության մեջ՝ վերադարձնել խորհրդային ժամանակների «անկլավները», ամրագրել Սյունիքում ու Գեղարքունիքում ՝ Սոթք-Խոզնավար հատվածում, մայիսի 12-ից հետո սահմանախախտման իրավիճակը, ղարաբաղյան խնդիրը փակել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման տեսքով, որտեղ և որով Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչն այլևս կնշանակի Արցախի ինքնորոշման հարցի փակում, ընդհուպ ճանաչել տալ «նախնյաց պատմական հայրենիքը»՝ Երևանի, Սևանի ու Սյունիքի տարածաշրջաններ ադրբեջանցիների վերադարձի իրավունքը և պարտադրել Երևանին Սյունիքով տրամադրել Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող «Զանգեզուրյան միջանցքը»՝ սուվերենության իրավունքով։ Նվազագույն նպատակը վերոթվարկյալից ավելի քիչ նպատակների հասնելն է, և առնվազն Արցախյան հարցի փակումը՝ այն մեկընդմիշտ ճանաչելով Ադրբեջանի ինքնիշխանության ներքո, առանց Բերձորով Հայաստանի հետ ցամաքային-միջանցքային կապի հատուկ ռեժիմների։ 

Քաղաքական դիտանկյունից ու Ադրբեջանի հետապնդած վերոնշյալ նպատակների համատեքստում սահմանային ու սահմանախախտման ճգնաժամի վերաբերյալ վարչապետի վերոնշյալ կամ թեկուզև նույն ռուսական առաջարկը կարող է միայն սահմանափակ թվով խնդիրներ լուծել, բայց ոչ ռազմաքաղաքական մարտահրավերների այն ողջ բազմազանությունը, որին դիմակայում ու դիմակայելու է Հայաստանը։ 

Ինչպես վարչապետն է պնդում՝ հաշվի առնելով, որ Հայաստանի և Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի քարտեզներով իրավիճակը սահմանի այդ հատվածում Երևանի օգտին է, ենթադրաբար զորքերի ժամանակավոր հետնահանջը և հետագայում՝ սահմանագծումից հետո դիրքերի վերազբաղեցումը հայկական կողմի համար առանձնապես նոր տարածքային խնդիրների չպետք է հանգեցներ կամ հանգեցնի։ Վարչապետի «դրվագային դեմարկացիայի» առաջարկով լուծելի է Գեղարքունիքի ու Սյունիքի արևելյան նոր սահմանագծերի ճշգրտման հարցը, սակայն դա էլ չի լիցքաթափում հետպատերազմյան ռազմաքաղաքական լարվածությունը, քանի որ վերջինիս աղբյուրն Արցախի խնդրի չլուծվածությունն է ու պարտված կողմին՝ Հայաստանին իր կամքը թելադրելու և դա  պայմանագրով ամրագրելու Ադրբեջանի շտապողականությունն ու գայթակղությունը։

Ռուսական առաջարկը՝ «եռակողմ միջկառավարական հանձնաժողովով» դեմարկացիան, կրկին թվացյալ է լուծում Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորման և Արցախի հակամարտության լուծման խնդիրները։ Մոսկվայի առաջարկը նույնպես ուղեկցվում է Արցախյան խնդրի «ռուսական պլանով», որը ենթադրում է (1) կա՛մ անորոշ ապագա տեղափոխել Արցախի հարցի վերջնական լուծումը, ինչը որևէ երաշխիք չի ապահովում, որ դեմարկացիայից ու դելիմիտացիայից հետո էլ Ադրբեջանը հստակեցված սահմանի նոր խախտման չի դիմի՝ մանավանդ Հայաստանի հանդեպ տարածքային հավակնությունների չնվազող հայտարարությունների խորապատկերին, (2) կա՛մ դա հղի է Մոսկվայի ու Բաքվի միջև Արցախի մնացյալ հատվածն Ադրբեջանին «վերաինտեգրելու» հերթական փուլային գործարքի հեռանկարով։ Իրավիճակն այլ հետագծով կզարգանա, եթե որևէ տարբերակով, օրինակ Երևանի առաջարկած «դրվագային», Մոսկվայի առաջարկած «եռակողմ ռուսական» կամ ԵԱՀԿ հովանու ներքո «միջազգային» դեմարկացիան/դելիմիտացիան ուղեկցվեն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Արցախյան խնդրի տևական, վերջնական ու համապարփակ կարգավորմամբ, որոնք, որպես զուգահեռ կամ թույլ փոխկապակցված գործընթացներ, հավասարապես ու զուգահեռաբար հանգեցնեն բոլոր վիճելի ու անորոշ հարցերի վերջնական կարգավորման։

Խնդրի քաղաքական հարթության խորապատկերին հատուկ ուշադրության է արժանի ՀՀ Արտաքին գործերի նախարարության մայիսյան դիրքորոշումը, որտեղ նշվեց, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է դեմարկացիան ու դելիմիտացիան դիտարկել բացառապես ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում, ինչը նշանակում է, որ միայն կոնֆլիկտի լուծման պարագայում է հնարավոր իրականացնել լիակատար/լիարժեք սահմանազատում և սահմանագծում։ Չունենալով ԱԳ նախկին ղեկավարության ու ՀՀ բարձրագույն քաղաքական ղեկավարության տարաձայնության իրական պատճառների մասին այլ տեղեկատվություն ու բացատրություն՝ թվում է, թե նշված դիրքորոշումը ծնունդ էր վերոնշյալ ռիսկերի գիտակցման կամ դրանց հարցում տարաձայնությունների, որին հաջորդեց ԱԳՆ ղեկավարության հրաժարականը։ Սակայն ասել, թե ռիսկերը ենթադրյալ հակադրության կողմերից միայն մեկի՝ կա՛մ ԱԳՆ-ի, կա՛մ քաղաքական ղեկավարության մոտեցման հետ է կապված, այդպես չէ։
Պետք է նկատել, որ ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը կարծես թե փոքր-ինչ տարբերվում է Արտաքին գործերի նախարարության կողմից հնչեցված այդ հայտարարությունից․ փաստացի, եթե մայիսյան դիրքորոշմամբ այն կարելի էր ձևակերպել որպես «դեմարկացիա/դելիմիտացիա՝ Արցախյան հակամարտության կարգավորման մեծ փաթեթում», ապա այսօր Երևանի դիրքորոշումը կարելի է անվանել «դեմարկացիա/դելիմիտացիա՝ հակամարտության կարգավորմանը զուգահեռ» կամ միգուցե՝ մասնակի «դեմարկացիա/դելիմիտացիա՝ հակամարտության կարգավորումից անջատ»։ Այս երկու բանաձևերի դեպքում էլ ռիսկերը բավական մեծ են, ինչպես որ ռիսկեր կային «դեմարկացիա/դելիմիտացիա՝ Արցախյան հակամարտության կարգավորման մեծ փաթեթում» մոտեցման դեպքում, երբ Արցախի հարցի հետ դրա սերտ փոխկապակցվածությունը կարող էր Հայաստանի սահմանների գլխին կախված վտանգավոր անորոշությունը հավերժ կամ երկարաժամկետ ուղեկցել Արցախի հարցի անորոշությանը։ Այս իրողությունների խորապատկերին անհրաժեշտ է հասկանալ, թե արդյոք դեմարկացիան լուծելու է ողջ խնդիրը, և արդյո՞ք Հայաստանը չի հայտնվի նոր ծուղակներում։