Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամասիայի ավագանու անդամները վա՞յր կդնեն մանդատները. ինչո՞ւ է վրդովվել ՀՀԿ-ի հետ պայմանավորված Ամասիայի համայնքապետի ԺՊ-ն

Ամասիայի ավագանու անդամները վա՞յր կդնեն մանդատները. ինչո՞ւ է վրդովվել ՀՀԿ-ի հետ պայմանավորված Ամասիայի համայնքապետի ԺՊ-ն
Քաղաքականություն
19:37, 15 декабрь 2021
Ժամեր առաջ  լուրեր տարածվեցին, որ Շիրակի մարզի խոշորացված Ամասիա համայնքում ՔՊ-ն որոշել է ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել:  Պատճառը, ըստ լուրերի, եղել է համայնքապետի պաշտոնում թեկնածուի հետ կապված անհամաձայնությունը։ 

Ինչպես արդեն հայտնել էինք, Ամասիան միակն էր, որտեղ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ  ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն որոշել էր սեփական դեմքով հանդես գալ ու նախընտրական ցուցակ ներկայացնել: Այս համայնքում առաջադրված մյուս երկու քաղաքական ուժերն էին՝ «Արփի-Ամասիա» դաշինքը, որը գլխավորում էր համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, մյուսը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»: ՔՊ-ի ու «Արփի-Ամասիա»  դաշինքի հավաքած ձայները չնչին քանակով են միմյանց զիջում՝ ընդամենը 16 ձայնով, երկու քաղաքական ուժերն էլ ստանալու են 6-ական մանդատ։

Օրեր առաջ  մամուլը գրեց, թե  «Արփի-Ամասիա» դաշինքն ու  ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարել են միավորվելու և համայնքի տեղական ինքնակառավարումը ստանձնելու մասին: Լուրն այս, սակայն, որոշ ժամանակ անց հերքեց Ամասիայի համայնքապետը:  

Aravot.am-ն էլ  գրեց, թե իր տեղեկություններով՝  Ջ. Հարությունյանը, որն  ի սկզբանե մտադիր էր կոալիցիա կազմել 3 մանդատ ունեցող ՀՀԿ-ի հետ, «որոշակի ճնշումների ներքո փոխել է որոշումը»։  

Երբ տիկին Հարությունյանից փորձեցինք ճշտել  իր վրա ճնշումների և ՔՊ-ի կողմից ինքնաբացարկ հայտնելու մասին  տեղեկությունը, տիկինը վրդովվեց. «Ես տեղյակ չեմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ինչ է որոշել, իմ նկատմամբ էլ ոչ մի ճնշում չկա: Ես ձեր ուրիշ հարցերի չեմ պատասխանի»: 

- Ասում են՝ օրերս 150-հոգանոց խնջույք է տեղի ունեցել, որի ժամանակ ձեր դաշինքն ու ձեր ՀՀԿ-ական օգնականը՝ ՀՀԿ ցուցակը գլխավորող Արթուր Մկրտումյանը,   համախոհների մասնակցությամբ շնորհավորել են միմյանց՝ դաշինք կազմելու ու համայնքի տեղական ինքնակառավարումը համատեղ ստանձնելու համար։


 - Իրանք էլ  (հավանաբար նկատի ունի ՔՊ-ին-խմբ.) 200-հոգանոց խնջույք են արել, ապակիները կոտրել են... Դա ի՞նչ ասելու բան է, որ ինձ նման բան եք հարցնում... ի՞նչ է, չշնորհավորե՞նք: 

 - Շնորհավորել եք համայնքի կառավարումը վերաստանձնելու առթիվ…


- Ես ոչ մի ձեր այլ հարցի չեմ պատասխանում... վե՛րջ:  
 
Զրուցեցինք նաև  Ջ. Հարությունյանի օգնական Արթուր Մկրտումյանի հետ: Նա, ի դեպ,  ժամանակին եղել է ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի շտաբի պատասխանատուն Ամասիայի տարածաշրջանում։ 

Պարոն Մկրտումյանը հերքեց «Արփի-Ամասիայի» և ՀՀԿ-ի միջև կոալիցիա կազմելու մասին լուրը: «Կոալիցիա չի եղել, մենք մեր անցած ավագանիներով որոշում ենք կայացրել, որ մենք մեր հավաքած ձայներվ պետք է սատարենք Արփի համայնքի ղեկավարին՝ «Արփի-Ամասիայի» առաջին համարին: Ոչ մի կոալիցիա, ոչ մի հուշագիր կամ տենց բաներ չկան: Առաջիկա ավագանու նիստի ժամանակ մենք կհայտարարենք մեր որոշման մասին, որ Հարությունյանին պիտի սատար կանգնինք»:  

- Ճի՞շտ է, որ 150-հոգանոց հավաք է եղել ձեր և համայնքապետին սատարողների մասնակցությամբ, որի ժամանակ միմյանց շնորհավորել եք համայնքի կառավարումը ստանձնելու առթիվ: Նաև, որ տիկին Հարությունյանի հանդեպ ճնշում-սպառնալիքներ  կան...

- Ի՞նչ ճնշում, հեչ մեկի հանդեպ էլ ճնշում-սպառնալիք չի եղել, իրանք իրանց հաղթանակն են նշել, ինձ էլ հրավիրել են, ես գնացել-մասնակցել եմ, ըդպես է եղել: Ինչպես որ իրենք՝ վերևում են նշել, որ անցել են, ըդպես էլ «Արփի-Ամասիան»: Ես Ամասիայի բնակիչ եմ, մինչև առ էսօր Ջեմմա Հարությունյանի հետ աշխատել եմ, իրա խորհրդականն եմ, ինչը՞ղ կրնամ չգնամ-չմասնակցեմ կամ չշնորհավորեմ:

- Պարոն Մկրտումյան, ՔՊ-ն էլ, «Արփի-Ամասիան» էլ հավասարաչափ մանդատներ են ստացել, տրամաբանական չէ՞, որ առավելագույն ձայներ ստացած ուժերը կոալիցիա կազմեն: 

- Ըդիկ իրանց գործն է, ես ինչը՞ղ կրնամ իրանց տեղը պատասխանեմ:  

- Լուրեր կան, որ «Արփի Ամասիան»  համաձայնել է համագործակցել ՔՊ-ի հետ՝ այն պայմանով, որ համայնքապետ լինի Ջեմմա Հարությունյանը։ ՔՊ-ականների սրտով չի եղել նման առաջարկը, և նրանք որոշել են ինքնաբացարկ ներկայացնել։

 - Դա արդեն  իրենց ներքին թեմաներն է, ես ինչ իմանամ՝ իրենք ինչ ներքին պայմանավորվածություն ունեն, ինչ են խոսացել, ինչ են պայմանավորվել, խախտել...

- Ասում են՝ Հարությունյանի ամուսնու՝ «Աշոցք ճանշին»-ի ղեկավար Մարսել Կարապետյանը և ընդհանրապես՝ Կարապետյան ընտանիքը ազդեցիկ է համայնքում, և այդ գործոնն էլ ազդել է, որ «Արփի-Ամասիան» շատ քվեներ ստանա: (Ջեմմա Հարությունյանի ամուսնու եղբորը՝ Գենիկ Կարապետյանի ընտանիքին է պատկանում «Հին Արենի» գինու գործարանը, Երևանի «Անի Պլազա» հյուրանոցը։  ԱԺ վերջին ընտրություններում Կարապետյանը սատարել է  «Հայաստան» դաշինքին, որը  Բանդիվանում ձայների քանակով առաջատար էր)։ 

 - Չէ, չէ, ըդպես բաներ չկա... էսօր ինչի ես պակա՞ս ազդեցիկ տղա եմ, որ Կարապետյան ընտանիքին Ամասիայի մեջը կրեցի... (ծիծաղում է):  Կրել ասելով նկատի ունեմ պրյամոյ Ամասիայի մեջը:  Ի՜նչ, ասեմ՝ Մկրտումյան Արթուրը ավելի՞ ազդեցիկ տղա է: Է, ես էլ սովորական  բանվորի ընտանիքի տղա եմ: Էսօր սաղս էլ կապրինք նույն համայնքում, սաղս էլ նույն շրջանի մարդիկ ենք, իրար կճանչինք, ընկերություն, ազգություն... Կրկնում եմ՝  հլը մանդատները չենք ստացել, կստանանք, ավագանու առաջին նիստը տեղի կունենա,  նոր կորոշենք՝ ում օգտին ենք քվեարկում որպես համայնքի ղեկավար: 

ՔՊ-ի ցուցակը գլխավորող Մերգել Ղարիբյանն էլ ինքնաբացարկի մասին լուրը առայժմ չմեկնաբանեց՝ ասելով, թե զբաղված է, չի կարող պատասխանել մեր հարցերին, ավելի ուշ կկապվի մեզ հետ: 

Հ.Գ. Հիշեցնենք, որ 71-ամյա Ջ. Հարությունյանը մինչև ընտրությունները մամուլում հայտարարել էր, որ  գործող իշխանությունների հետ խնդիր չի ունեցել և չի էլ թաքցնում՝ եթե «Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկեր իրենց ցուցակը գլխավորել, կհամաձայներ.  «Եթե առաջարկեին, կհամաձայնեի, որովհետև ես իմ աշխատանքի ընթացքում միշտ իրականացրել եմ մեր կառավարության ծրագրերը»:
 
 Հեղինե Մանուկյան