Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀԿ-ն ՏԻՄ ընտրություններում միայն Ամասիայում էր սեփական դեմքով ներկայացել․ հերթական անգամ մերժվելուց հետո այժմ փորձում է կոալիցիա կազմել

ՀՀԿ-ն ՏԻՄ ընտրություններում միայն Ամասիայում էր սեփական դեմքով ներկայացել․ հերթական անգամ մերժվելուց հետո այժմ փորձում է կոալիցիա կազմել
Քաղաքականություն
15:01, 09 декабрь 2021
Շիրակի մարզի Ամասիա համայնքը միակն էր, որտեղ ՀՀԿ-ն սեփական դեմքով էր հանդես գալիս դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում։ Մնացած համայնքներում երբեմնի ահեղադղիրդ անունով կուսակցությունը որոշել էր զերծ մնալ սեփական ցուցակը ներկայացնելուց։ 

Որոշ ՀՀԿ-ականներ, փոխարենը, ներգրավվել էին նորաստեղծ ու հանրությանն անհայտ կուսակցությունների ցուցակներում։ Մասիս համայնքում, օրինակ,  համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Համբարձումյանը, որը գլխավորում է համանուն նախընտրական՝ 81 հոգանոց ցուցակը, միակ ՀՀԿ-ականն էր։ Ցուցակի մնացած անդամները կա՛մ  «Իմ հզոր համայնք» կամ էլ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վահան Բաբայանի գլխավորած Ռեֆորմիստների կուսակցության ներկայացուցիչներ են։  

(Նշենք, որ «Իմ հզոր համայնք» կուսակցությունն այս տարվա հոկտեմբերի 7-ից ղեկավարում է Արարատի մարզի Սիսավան համայնքը 13 տարի ղեկավարած Սպարտակ Թարթիկյանը։ Նա էլ, ի դեպ, գլխավորում է Վեդի համայնքում առաջադրված «Իմ հզոր համայնք»-ի ցուցակը։ Ըստ պաշտոնական տվյալների, հիշյալ կուսակցությունը այս տարի է հիմնադրվել, մինչեւ հոկտեմբեր այն ղեկավարել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Սամսոնյանը)։

Ամասիայի ընտրություններում ՀՀԿ-ի ներկայացրած  28 հոգանոց նախընտրական ցուցակը, որում նաեւ մի քանի անկուսակցական է ընգրկված,  գլխավորում է Ամասիա համայնքի ղեկավարի օգնական Արթուր Մկրտումյանը։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար,  անկուսակցական Ջեմմա Հարությունյանն էլ գլխավորում է  «Ամասիա-Արփի» կուսակցությունների դաշինքը, որը ընտրություններում ստացել է 1199 քվե կամ ձայների  38․27 տոկոսը։  ՀՀԿ-ն էլ  ստացել է 717 քվե կամ ձայների 22,89 տոկոսը։ Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է  1217 ձայն կամ քվեների 38,84 տոկոսը։ 

Այս համայնքի կառավարումը ստանձնելու համար անհրաժեշտ է, որ ընտրություններին մասնակցած  քաղաքական ուժերը  կոալիցիա կազմեն։ Ո՞ր քաղաքական ուժի հետ կարող է կազմվել  հնարավոր կոալիցիան՝ հարցին համայնքի ղեկավարի պաշտոնակատարը առայժմ չունի պատասխան։ «Դեռեւս չի որոշվել, առաջիկա օրերին նոր կորոշվի»,-մեզ հետ զրույցում ասաց Հարությունյանը։ 

Ճշտող  հարցին՝ հնարավոր է, որ ՀՀԿ-ի հետ Ամասիա-Արփին կոալիցիա կազմի՝ համայնքապետի պաշտոնակատարն  արձագանքեց․ «Ես ավագանիների հետ չեմ զրուցել, ես չեմ կարող այդպես հայտարարություն անել՝ մինչեւ կոնկրետ չորոշենք։ Իմ ամբողջ թիմի հետ կխորհրդակցենք, նոր կորոշենք»։  Ի դեպ, Ամասիա-Արփի դաշինքի ցուցակում ընգրկված են արտախորհրդարանական ուժերից երկուսի՝ Սարգիս Ավետիսյանի գլխավորած «Համերշախություն» եւ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցությունների ներկայացուցիչներ։ Հաշվի առնելով նրանց քաղաքական «սպեցիֆիկ» ուղղվածությունը՝ քիչ հավանական է ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելը։    
Նկատենք, որ Ջ․ Հարությունյանը խոշորացված համայնքը ղեկավարում է 5 տարի։ Ընտրություններից առաջ «Ազատություն» ռ/կ-ի-ի հետ զրույցում նա հայտնել էր, թե վերջին տարիներին համայնքում մեծ աշխատանք է իրականացվել՝ հավելելով, թե  կառավարության սուբվենցիոն եւ  միջազգային կազմակերպությունների հետ իրականացված ու դեռեւս կիսատ մնացած ծրագրերը շարունակելու ցանկություն ունի։  Խոշորացումից հետո Ամասիան 19 համայնք է ներառում՝ շուրջ 8500 բնակչով: 

Արդեն հայտնի է, որ Շիրակի մարզի մյուս՝  Ախուրյան համայնքում, քվեարկության արդյունքներով «Ախուրյան» եւ «Հաղթանակ» դաշինքները, որոնցում ներգրավված են արտախորհրդարանական ուժեր՝ ՀՅԴ, ԲՀԿ, Երկիր Ծիրանի, Համերաշխություն, Վերածնվող Հայաստան,  որոշել են կոալիցիա կազմել եւ ստանձնել համայնքի կառավարումը։  Շիրակի մարզի մյուս՝ Աշոցք համայնքում առաջադրված երկու քաղաքական ուժերից ՔՊ-ն ստացել է 67, 98 տոկոս, իսկ ԲՀԿ-ն՝ 31,99 տոկոս քվե։

Արթիկ համայնքում առաջադրված  6 քաղաքական ուժից երկուսն էլ՝  11,92 տոկոս քվե ստացած  «Ազատական» կուսակցությունն ու 41,61 տոկոս ստացած «Քաղաքացիական պայմանագիրը կոալիցիա կկազմեն եւ կստանձնեն խոշորացված համայնքի կառավարումը։ Սա նշանակում է, որ այս պահի դրությամբ՝ Շիրակի մարզի առնվազն երկու` Աշոցք (67, 98 տոկոս) եւ Արթիկ (41, 64 տոկոս) համայնքներում դեկտեմբերի 5-ի քվեարկության արդյունքներով ՔՊ-ն կստանձնի տեղական ինքնակառավարումը՝ մի դեպքում՝ միանձնյա, մյուսում՝ կոալիցիա կազմելով։ 

Հեղինե Մանուկյան