Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերին և դեկտեմբերին կկայանա ՏԻՄ ընտրությունների «երկրորդ սեզոնը». Ովքեր են ուզում դառնալ քաղաքապետ ու ավագանու անդամ

Նոյեմբերին և դեկտեմբերին կկայանա ՏԻՄ ընտրությունների «երկրորդ սեզոնը». Ովքեր են ուզում դառնալ քաղաքապետ ու ավագանու անդամ
Քաղաքականություն
17:59, 22 октябрь 2021
2021-ն ընտրական տարի է, որը կեզրափակվի ՏԻՄ ընտրություններով։  ՀՀ մի քանի համայնքներում հոկտեմբերի  17-ին արդեն իսկ տեղի  ունեցան ՏԻՄ ընտրություններ, մասնավորապես՝ Գորիս, Գյումրի, Մեղրի,  Դիլիջան, առաջիկա ամիսներին էլ՝  նոյեմբերին և դեկտեմբերին,  ընտրություններ տեղի կունենան ևս մի քանի տասնյակ համայնքներում: Նոյեմբերի 14-ին Լոռու և Կոտայքի մարզերի համայնքներում կկայանան  ՏԻՄ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ։  Նույն օրը Լոռու, Սյունիքի, Տավուշի երեք համայնքներում էլ՝ Ստեփանավան, Կապան, Իջևան,  տեղի կունենան ՏԻՄ համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ: Ստեփանավանում ընտրողի քվեն կհայցեն երեք՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես  կուսակցությունները, Կապանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը,  Իջևանում՝  «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու Հայ Հեղափոխական Դաշնակությունը:  

Ստեփանավանում սպասվող  ընտրություններում  ՀԱԿ-ը ներկայացրել է 16-հոգանոց նախընտրական ցուցակ, որի անդամներից մեկի գրանցումը մերժվել է, իսկ մնացած 15 հոգուց 12-ը  զբաղմունք չունի՝ չի աշխատում: Ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը, որը նույնպես ոչ մի տեղ չի աշխատում: 

ԲՀԿ նախընտրական  17-հոգանոց  ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագյոզյանը (ԲՀԿ)։ Նա  գործազուրկ է: Երկրորդ տեղում  անկուսակցական Սամվել Խարազյանն է,  որը նույնպես չի աշխատում:  Երրորդ համարն էլ Լիլյա Հարությունյանն է, նա ուսուցչի օգնական է Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցում: Այս քաղաքական ուժի նախընտրական ցուցակի անդամների մեծ մասի կենսագրական տեղեկանքում էլ է նշված, որ  ոչ մի տեղ չեն աշխատում և, փաստորեն, հավակնում են զբաղմունք գտնել՝ ստանձնել համայնքի կառավարումը:   

ՔՊ-ն 30-հոգանոց ցուցակ է ներկայացրել, որը գլխավորում է  Արմեն Գրիգորյանը՝ Ստեփանավան  համայնքի ղեկավարի պաշտոնակատարը: Ցուցակի երկրորդ համարը  Հրահատ  Աբրահամյանն է՝ համայնքի ղեկավարի տեղակալ,  երրորդը՝  Հասմիկ Մովսիսյանը, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենն է: Երեք թեկնածուներն էլ ՔՊ-ական են: Ցուցակում մեկ գործազուրկ կա, անդամների ճնշող մեծամասնությունը  ՔՊ-ական են: 

Կապանի ընտրություններում «Շանթ դաշինքի»՝ ԿԸՀ ներկայացված նախընտրական 70-հոգանոց ցուցակը գլխավորում է համայնքի ղեկավար, անկուսակցական Գևորգ Փարսյանը: Ցուցակում են նաև համայնքի ղեկավարի տեղակալներ Գոռ Թադևոսյանը, Մեսրոպ Արզումանյանն ու Մարատ Հարությունյանը: ՔՊ ցուցակը այս համայնքում  գլխավորում է ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ցուցակի երկրորդ տեղում Սյունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նարեկ Դավթյանն է, երրորդ տեղում էլ Նարինե Գրիգորյանն է՝ Կապանի ԲԿ ՓԲԸ պոլիկլինիկայի թերապևտ: 

Իջևան համայնքում ՀՅԴ-ն 14-հոգանց  ցուցակ է ներկայացրել, որում ընդգրկված թեկնածուներից  6-ը  չի աշխատում:  Ցուցակը գլխավորում է անհատ ձեռներեց Վահան Ղազումյանը (ՀՅԴ), երկրորդ տեղում նույնպես անհատ ձեռներեց է՝ Ռաչիկ Եպիսկոպոսյանը (անկուսակցական), երրորդ տեղում էլ ՀՅԴ-ական Արմինե Դովլաթբեկյանն է՝ Գանձաքարի միջնակարգ դպրոցի  պատմության ուսուցչուհի:  Ցուցակի վերջին համարը ՀՅԴ-ական Տիգրան Փաշինյանն է, որը չի աշխատում:  

ՔՊ-ի  56-հոգանոց ցուցակն էլ գլխավորում է Արթուր Ճաղարյանը՝ Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը: Ցուցակի երկրորդ համարը Արգիշտի Ամիրխանյանն է՝ նույն համայնքի ղեկավարի տեղակալը, երրորդը՝ Մանե Ղազումյանը, Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի ՄԿԱ գծով տնօրենի տեղակալն է: 
  
ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ Լոռու Լերմոնտովո համայնքում նոյեմբերի 14-ին համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի երկու թեկնածու՝ հիշյալ համայնքի ղեկավար  Էդիկ Չախալյանն ու  Անտառաշեն  համայնքի ղեկավար Ռաֆիկ Խառատյանը: Երկուսն էլ անկուսակցական են և  ինքնառաջադրված թեկնածուներ: 

Այս տարվա դեկտեմբերի 5-ին էլ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայց ձորի և Տավուշի մարզերի համայնքներում  տեղի կունենան  համայնքների ավագանու հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով: 

Դեկտեմբերի 5-ին համայնքի ավագանի կընտրեն թվով 37 համայնքներում:  Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Արարատ, Վեդի համայնքներում, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արաքս, Փարաքար, Խոյ, Բաղրամյան, Արմավիր, Մեծամոր, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սևան, Գավառ, Մարտունի,  Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Նաիրի, Գառնի, Շիրակի մարզի Ախուրյան, Արթիկ, Աշոցք, Ամասիա համայնքներում,  Վայոց ձորի  Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում:  ԿԸՀ-ն հրապարակել է վերոհիշյալ համայնքների ընտրողների թվաքանակը:  Մասնավորապես, Աշտարակ համայնքն ունի 53 979 , Արտաշատը՝ 77 589, Արմավիրը՝ 45 295,  Մարտունին՝ 60 482,  Վանաձորը՝ 93 836,  Աբովյանը՝ 60 559 , Արթիկը՝ 36 894, Եղեգնաձորը՝ 14 795, Նոյեմբերյանը՝ 24 318, Կապանը՝ 31 820, Իջևանը՝  33 056  ընտրող:    

Հեղինե Մանուկյան