Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամենակարևորը մշակույթի և գիտության մեջ զարգացում տեսնելն է․ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանը կներկայացնի Շառլ Ազնավուրի 10 դիմաքանդակ

Ապրիլի 26-ին Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs պատկերասրահում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի դիմաքանդակների ինտերակտիվ ցուցահանդեսը։ Ապրիլի 26-ից մայիսի 10-ը գործող ցուցահանդեսի ընթացքում ներկայացված կլինի շանսոնյեի 10 դիմաքանդակ։ 

Հեղինակը նրա արվեստը ջանացել է թարգմանել քանդակային լեզվի յուրովի՝ իրեն բնորոշ ձևամտածողությամբ։

Մեզ հետ զրույցում քանդակագործ Մկրտիչ Մազմանյանն ասաց, որ դիմաքանդակներում խնդիր չի ունեցել պատճենահանելու, այլ ցանկացել է մատուցել իր ընկալմամբ, իր մեկնաբանությամբ։ Մկրտիչ Մազմանյանը, խոսելով ցուցահանդեսի գաղափարի և դիմաքանդակների մասին, ասաց, որ Շառլին տեսել և տեսնելու է իր ձևով, իր աշխարհընկալմամբ և իր քանդակային ձևամտածողությամբ։

Նշենք, որ Մկրտիչ Մազմանյանը ծնունդով Շիրակի մարզի Հայկավան գյուղից է, այնուհետև տեղափոխվել է Գյումրի, հետո Երևան, մոտ քսան տարի ապրել և աշխատել է Լիբանանում, չորս տարի ապրել է Էստոնիայում։ Այս ընթացքում հայրենիքի հետ կապը չի կտրվել, պարբերաբար Հայաստան այցելել է, բայց Հայաստան վերջնականապես տեղափոխվել է 5 տարի առաջ, սակայն նշում է, որ արտերկրում ապրելիս միշտ ապրել են Հայաստանի դարդուցավով:

 Խոսելով իր հայտնի քանդակների մասին՝ քանդակագործն ասաց. «Հայտնիները չեն կարող ասել, որ իրենք իրականության մեջ հայտնի են լինում, հայտնի են լինում այն քանդակները, որոնք երևի ցուցադրված չեն լինում, և ժողովուրդը չի տեսել, ես եմ տեսել և մի քանի ընկերներս, և կարևոր չէ, որ դու մեծադիր քանդակներ անես, որով դու հռչակվես, կարող ես շատ փոքր ծավալի քանդակ անել արվեստանոցում, որ իր մեջ պարունակի գեղարվեստական շատ-շատ արժանիքներ. կարևորը դա է»։

Նշենք, որ Մկրտիչ Մազմանյանի հայտնի քանդակներից են «Զվարթնոց» օդանավակայանի կողապատերի ապակու և ալյումինի համադրությամբ գործերը, որոնց համար ստացել է Հայաստանի պետական մրցանակ, Գյումրու օդանավակայանի ներսի ձևավորումները, Սոս Սարգսյանի և Վարդուհի Վարդերեսյանի դիմաքանդակների կոմպոզիցիոն մեկնաբանությունները, որոնք տեղադրված են Պանթեոնում։

«Եղեռնի հուշարձանի հարևանությամբ Մովսես Գորգիսյանի և երեք ազատամարտիկների հուշարձաններն էլ են իմ գործերը։ Իմ գործերից շատ հայտնի կամ ժողովրդականություն վայելող գործերից Լիբանանում տասնյակից ավելի արձաններ ունեմ դրած, որոնք քաղաքական գործիչների, արվեստի, մշակույթի, հոգևոր խավի մարդկանց հուշարձաններ են։ Լիբանանում Համազգայինի կողմից հրավիրված եմ եղել դասավանդելու, ես այնտեղ չորս տարի դասավանդել եմ Թորոս Ռոսլին ակադեմիայում, ունեցել եմ թե՛ հայ, թե՛ արաբ ուսանողներ, որոնք այսօր անվանի նկարիչներ ու քանդակագործներ են՝ տարածված ամբողջ աշխարհում, որոնցից մեկը՝ Րաֆֆի Եդայանը, այստեղ՝ Հայաստան է տեղափոխվել ապրելու և ստեղծագործում է այստեղ»,- ասաց նա։  

Խոսելով նաև Երևանի փոփոխությունների մասին՝ քանդակագործն ասաց, որ իհարկե Երևանը շատ է փոխվել, կան զարգացումներ սպասարկման ոլորտում և շատ այլ ոլորտներում, բայց քաղաքաշինության առումով քանդակագործը շատ խնդիրներ և թերացումներ է տեսնում։

«Հսկայական ճարտարապետական մտքեր կան, ընդ որում՝ ոչ միայն չեն սարքել, այլև քանդել են Երևանը, մեր պարծանքը հանդիսացող այդ շինություններից մի քանիսը քանդել են և դեռ ուզում են քանդել։ Սպասարկման ոլորտում իհարկե զարգացումներ կան, չես կարող ասել, ժամանակը պահանջում է, բայց ինձ համար ամենակարևորը գիտության և մշակույթի մեջ զարգացում տեսնելն է, որը, ճիշտն ասած, անհատների մոտ է»,- հավելեց քանդակագործը։
 
Ցուցահանդեսի բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը։
 
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան